ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կայցելի Հայաստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բանակցություններ է անցկացնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 22-24-ը կայցելի Հայաստան՝ հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ: Տեղեկությունը հրապարակվել է ՀԱՊԿ–ի կայքում։
Նշվում է, որ այցի ընթացքում հանդիպում է նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որն այս տարի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահն է:
Ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում Զասը Փաշինյանի հաստատմանն է ներկայացնելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների իրականացման և Հայաստանի նախագահության շրջանում ՀԱՊԿ գործունեության գերակա ուղղությունների կատարման միջոցառումների ծրագրի նախագիծը:
Նախատեսվում է նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բանակցություններ կվարի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
Հիշեցնենք` ՀԱՊԿ-ի անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: