Գագիկ Բեգլարյանի ընտանիքին պատկանող գույքը կարող է բռնագանձվել

Գագիկ Բեգլարյան
Երևանի նախկին քաղաքապետի կինը` Նունե Նիկոլյանը, և զավակները՝ Հրանտ և Նատելլա Բեգլարյանները ևս անցնում են քրեական գործով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ընտանիքին պատկանող գույքը կարող է բռնագանձվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազությունից։

Բանն այն է, որ Բեգլարյաններին պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման հաշվառված գույքը ճանաչվել է բռնագանձման ենթակա:

Գործի շրջանակներում Բեգլարյանի կինը` Նունե Նիկոլյանը, և զավակները՝ Հրանտ և Նատելլա Բեգլարյանները, հրավիրվել են դատախազություն՝ ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին և ներկայացնելու իրենց դիրքորոշումը։
Նախկին պաշտոնյայի ընտանիքի անդամները ևս անցնում են հիշյալ քրեական գործով։
Թե կոնկրետ ինչ գույքի է վերաբերում որոշումը, դատախազությունն առայժմ չի հրապարակում։
Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը 7-րդ անգամ կդրվի աճուրդի. գինն իջնում է, գնորդ չկա
Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետի նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով քրեական գործ էր հարուցվել 2020-ին։
Բեգլարյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով։ Նախկին քաղաքապետը մեղադրվում էր Երևանի Կենտրոն համայնքի Թամանյան փողոցում գտնվող մանկապարտեզի՝ 233.470.000 դրամ արժողությամբ շենքը յուրացնելու համար։
Ըստ մեղադրանքի՝ Երևանի ավագանու ապօրինի որոշման հիման վրա Բեգլարյանը 228 քառակուսի մակերեսով մանկապարտեզի տարածքն ընդամենը 23.120.000 ՀՀ դրամով օտարել էր, իսկ 2011 թ. փետրվարի 2-ին առուվաճառքի պայմանագրով 24.000.000 ՀՀ դրամով գրանցվել հիշյալ պաշտոնյայի հոր անվամբ, այնուհետև, կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն, վերագրանցվել որպես որդու սեփականություն:
2020թ.–ի մայիսի 17-ին Բեգլարյանը «Զվարթնոց» օդանավակայանից բերման էր ենթարկվել, իսկ մայիսի 18-ին` ազատ արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց: