Երեկոյան Թբիլիսին ու հայ–վրացական ընթրիքը. Վրաստանի կառավարությունը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան ավարտվել է Մթածմինդա լեռան վրա գտնվող ռեստորանում` երեկոյան Թբիլիսիի գեղեցիկ համայնապատկերի ներքո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը հրավիրել է աշխատանքային ընթրիքի: Այս մասին հայտնել Է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը ՝ տեղադրելով երկու վարչապետների երեկոյան զբոսանքի ու ընթրիքի մասին պատմող տեսանյութը։
Ընթրիքը տեղի է ունեցել Թբիլիսիի «Ֆունիկուլյոր» (ճոպանուղի) ռեստորանային համալիրում, որտեղ երկու կառավարությունների ղեկավարները հասել են թբիլիսյան ճոպանուղով՝ Մթածմինդա լեռան բարձունքից հիանալով երեկոյան քաղաքի համայնապատկերով։
Հայաստանի և Վրաստանի հարաբերություններն իդեալական են. Վրաստանի վարչապետ
Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկօրյա աշխատանքային այցով Թբիլիսիում է՝ մասնակցելու առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին:
Նիստի արդյունքում երկրների վարչապետները ստորագրել են միջկառավարական հանձնաժողովի XI նիստի արձանագրությունը։
Առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի տասնմեկերորդ նիստը պետք է կայանար Թբիլիսիում 2020 թվականին։ Սակայն համավարակի ու Արցախյան պատերազմի պատճառով հետաձգվել էր մեկ տարով։
Նախորդ նիստը տեղի է ունեցել 2019 թվականին` 8-ամյա ընդմիջումից հետո Հայաստանում։