ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Շիրակի մարզի Ախուրյան համայնքի նորընտիր ավագանին այսօր առաջին նիստը գումարեց: Ավագանու 27 անդամներն էլ ներկա էին, նիստը համարվեց իրավազոր, հնչեց ՀՀ օրհներգը, և նիստը համարվեց բացված:
Ավագանու նիստը վարեց տարիքով ավագ, ՔՊ ներկայացուցիչ Ալբերտ Այվազյանը:
Դեկտեմբերի 5-ին այս համայնքում կայացած ՏԻՄ ընտրության արդյունքներով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 13 մանդատ, «Ախուրյան կուսակցությունների դաշինքը»՝ 8 մանդատ, «Հաղթանակ կուսակցությունների դաշինքը»` 6 մանդատ: Մանդատների ու խմբակցությունների հստակեցումից հետո ավագանին ընտրեց Ախուրյան համայնքի ղեկավարին:
«Քաղաքացիական պայմանագիրն» առաջադրեց Ալբերտ Այվազյանի թեկնածությունը, երկրորդ թեկնածուն Ախուրյանի գործող համայնքապետ, «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը գլխավորած Արծրունի Իգիթյանն էր:
Բաց քվեարկության արդյունքում Ալբերտ Այվազյանի օգտին քվեարկեց 13, Արծրունի Իգիթյանի օգտին՝ ավագանու 14 անդամ:
Այսպիսով` Ախուրյանի համայնքապետ ընտրվեց Արծրունի Իգիթյանը:
Նշենք, որ Արծրունի Իգիթյանը1996 թ. նոյեմբերի 26-ին ընտրվել է Ախուրյանի համայնքի ղեկավար, 1999 թ. հոկտեմբերի 24-ին, 2002 թ. նոյեմբերի 24-ին, 2005 թ. հոկտեմբերի 23-ին վերընտրվել է ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի գյուղական համայնքի ղեկավար։