2022–ին Հայաստանում պահեստազորայինների նոր վարժական հավաքներ կանցկացվեն

Վերջին վարժական հավաքները Հայաստանում անցկացվել են 2021-ի սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15–ը։ Հավաքներից խուսափողների համար նախատեսված է քրեական պատասխանատվություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Պաշտպանության նախարարությունը մտադիր է պահեստազորայինների նոր վարժական հավաքներ անցկացնել երեք ամիս ժամկետով։ ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծն արդեն հրապարակել է իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում:
Ըստ որոշման նախագծի` հավաքները կանցկացվեն հունվարի 15-ից ապրիլի 15-ը: Դրանցում կներգրավվել ՀՀ ԶՈւ 65 պահեստազորային քաղաքացիներ, որոնցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպաներ, 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքայիններ։
Եռամսյա վարժական հավաքների մասնակիցները մեկնել են մարտական դիրքեր
Դատելով հրապարակված նախագծից` այն կառավարության հաստատմանը կներկայացվի արդեն հաջորդ տարեսկզբին` հունվարի 5-ից հետո։
Հիշեցնենք` վերջին վարժական հավաքները Հայաստանում անցկացվել են ս.թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը, իսկ մինչ այդ` օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը ։ Պահեստազորի վարժական հավաքների նպատակը, ըստ ՊՆ-ի, պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործումն ու վերապատրաստումն է։
Հավաքներից խուսափողների համար Հայաստանում նախատեսված է քրեական պատասխանատվություն: