ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Երկու բացարձակ տարբեր անձ, բայց միևնույն ժամանակ երկու հանճարեղ արվեստագետ 1980-ականներին հանդիպել են Նյու Յորքում։
Այդ տարիներին, երբ վերջապես սկսել էին Փարաջանովին թողնել դուրս գալ երկրից (որպես այլախոհ ԽՍՀՄ տարածքից արգելված էր կինոռեժիսորի ելքը), նրան սկսեցին հրավերներ ուղարկել աշխարհի տարբեր կողմերից։ Դրանցից մեկն ԱՄՆ-ից էր. Նյու Յորքի աշնանային կինոփառատոնում ցուցադրվում էին նաև Փարաջանովի ֆիլմերը։ Կինոռեժիսորը ԱՄՆ մեկնեց կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի հետ։ Այնտեղ էլ նրանք ծանոթացան Մարկոս Գրիգորյանի հետ։
Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի գիտաշխատող Զառա Մոկացյան
© Sputnik / Aram Nersesyan
Գրականության և արվեստի թանգարանի գիտաշխատող Զառա Մոկացյանը հիշում է՝ իր հետ զրույցում Յավուրյանն ասել է, որ նյույորքյան այդ ճանապարհորդության ժամանակ Մարկոն իրեն ու Փարաջանովին մի քանի օր ծանոթացրել է քաղաքի հետ։ Մի օր էլ Մարկոն կինոգործիչներին տարել է կինոարտադրության տեխնիկայի խանութ ու ասել. «Կարող եք ընտրել` ինչ ցանկանում եք», իսկ երեկոյան տեխնիկան արկղերով արդեն հյուրանոցի նրանց սենյակում էր։
«Մարկոն երբեք չի խոսել այդ մասին, նա ավելի փակ մարդ էր։ Ալբերտն էլ ասում էր, որ այդ օրերին խորհրդային կինոգործիչների համար դա հեքիաթային նվեր էր»,– ասում է Մոկացյանը։
Նկարիչ Մարկոս Գրիգորյանի նվերները Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանին
© Sputnik / Aram Nersesyan
Փարաջանովն ու Յավուրյանը Հայաստան են վերադառնում նոր տեխնիկայով։ Կինոռեժիսորը ցանկանում է որևէ կերպ շնորհակալություն հայտնել Մարկոյին ու որոշում է հայկական կարպետ նվիրել նկարչին, ում անունը նաև հայկական և իրանական գորգարվեստում էր հայտնի։
Փարաջանովն իր բնավորության համաձայն, մի լեգենդ է ստեղծում այդ կարպետի շուրջ ու բանավոր ուղերձ հղում Մարկոյին, թե թաքուն է ուղարկում, որպեսզի խորհրդային իշխանությունները չիմանան այդ մասին, քանի որ կարպետը բացառիկ ու հին գանձ է։
Կյանքի մեծ մասը Իրանում ապրած Մարկոս Գրիգորյանը, ով նաև դերասան էր, Փարաջանովի խաղի մեջ է մտնում և նամակի կամ զանգի փոխարեն մի քանի արտիստիկ լուսանկար է անում և ուղարկում։
Մոկացյանը տեղեկացնում է, որ Գրականության և արվեստի թանգարանում մի սիրողական տեսանյութ կա, ուր կադրեր են Փարաջանովի ու Յավուրյանի նյույորքյան հյուրանոցի սենյակից, որտեղ երևում են Մարկոյի նվիրած տեխնիկայով արկղերը։
«Նվեր Երևանին» խորագրով ցուցահանդեսի այս մի մասնիկի` կարպետի պատմությունը, կապում է 2 մայրցամաք ու տարբեր ճակատագրերով համաշխարհային մշակույթի 2 մեծանուն արվեստագետի` Փարաջանովին ու Մարկոս Գրիգորյանին։
Հայտնիների ստացած և տված նվերները «Տաշիր սթրիթում» են, ցուցադրությունն էլ նվիրված է Գրականության և արվեստի թանգարանի 100-ամյակին։