Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են «3+3» ձևաչափում համագործակցությունը

Նախարարները նաև քննարկել են Հարավային Կովկասում տիրող ընթացիկ իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik․ Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Մևլյութ Չավուշօղլուն այսօր քննարկել են «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի իրագործման հարցերը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան), փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Հանդիպումը կայացել է Իսլամաբադում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի հերթական նիստի շրջանակում։
«Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդների նախաձեռնած «3+3» համագործակցության ձևաչափի առաջին հանդիպման (Մոսկվայում կայացած) արդյունքները։ Շահագրգռվածություն են արտահայտել առաջ մղելու համագործակցության այս մեխանիզմը», – ասվում է հաղորդագրության մեջ։
«3+3»-ը պետք է դրական միտում մտցնի տարածաշրջանի երկրների հարաբերություններում. ՌԴ դեսպան
Նախարարները քննարկել են նաև Հարավային Կովկասում ընթացիկ իրավիճակը, Արցախի գծով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն ու հետպատերազմյան շրջանում տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորման հետ առնչվող հարցեր։
Հիշեցնենք՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստը տեղի է ունեցել Մոսկվայում դեկտեմբերի 10-ին` Ռուսաստանի (Ռուդենկո), Հայաստանի (Գևորգյան), Ադրբեջանի (Խալաֆով), Թուրքիայի (Օնալ) արտաքին գործերի նախարարների տեղակալների, ինչպես նաև Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրեն Հագիգիանի համանախագահությամբ: Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց: