ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում է արել Facebook–ում և շեշտել, որ մինչև հիմա իր պաշտոնավարելը ոչ թե որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի ձեռքբերումն է կամ բարի կամքի դրսևորումը, այլ իր սեփական հաստատակամությունը և հավատարմությունը երդմանը։
«Ստիպված եմ արձագանքել արդեն տևական ժամանակ և Ազգային ժողովի կառավարող խմբակցության մի շարք պատգամավորների կողմից տարբեր հրապարակային հարցազրույցներով ու ելույթներով արվող պնդումների, որոնցով փորձ է արվում տպավորություն ստեղծել կամ ցույց տալ, թե մինչև հիմա իմ պաշտոնավարումն իրենց «հանդուրժողականության» արդյունքն է: Ավելին` նշվում է, թե կառավարող խմբակցությունը երբևէ գնահատական չի տվել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը՝ ներկայացնելով դա որպես ձեռքբերում։ Պատասխանատու հայտարարում եմ, որ նման պնդումներն իրականությանը չեն համապատասխանում»,– գրել է նա։
Թաթոյանը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում եղել են օրենքով արգելված ներգործության ամենատարբեր ձևերը, իրենց աշխատանքը վարկաբեկող կազմակերպված արշավներ։
«Անկախ դժվարություններից՝ ես երբևէ չեմ ներկայացել և չեմ պատրաստվում ներկայանալ զոհի կարգավիճակով և կատարել եմ բացառապես իրավապաշտպան աշխատանք՝ ապաքաղաքական ու անկողմնակալ սկզբունքներով», ֊ եզրափակել է Թաթոյանը։
Հիշեցնենք՝ Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 2018-ի իրադարձություններից առաջ՝ 2016 թվականի փետրվարի 23-ին։ Վեց տարի անց՝ 2022-ի նույն օրը նրա պաշտոնավարումը պաշտոնապես ավարտվելու է։