ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀԿ համագումարի ժամանակ խոսեց կուսակցության նպատակների մասին։ Նրա խոսքով՝ թեև կուսակցությունը տասնամյակների պատմություն ունի, բայց նոր անդամակցածների շնորհիվ երիտասարդ կուսակցություն է և հենց երիտասարդներին պետք է քաջալերի։
«Մեզ համար կարևոր չէ՝ քանի միջազգային համալսարան է ավարտել երիտասարդը, եթե նա հոգում չունի հայրենիք»,– ասաց Սարգսյանը։
Նա նաև շեշտեց, որ ՀՀԿ–ն չպետք է ամբիցիաներ ունենա և ձգտի իշխանության։
«Մեր կուսակցության առաջնահերթ նպատակն իշխանություն ունենալը չէ: Մենք նորից կձգտենք դառնալ իշխանություն՝ մեր ծրագրերը, մարդկանց տված խոստումները կյանքի կոչելու համար, երբ այլ առողջ քաղաքական ուժերի հետ միասին հեռացնենք կապիտուլյանտին և հնարավորություն տանք Հայաստանին ծնկած վիճակից ոտքի կանգնելու, մեջքը շտկելու, հզորանալու և կրկին թիկունք ու ապավեն դառնալու Արցախին», – ասաց նա։
Նախկին նախագահը շեշտեց` Հանրապետական կուսակցությունն այսօր իշխանություն չի ուզում, այլ Հայաստանի ինքնիշխանություն։