Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մեկ օրում ապահովել են ավելի քան 400 ավտոմեքենայի անվտանգ անցումը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերում հսկիչ-անցագրային ռեժիմ է գործում։ Անհրաժեշտության դեպքում վարորդին խնդրում ենք դուրս գալ մեքենայից, որպեսզի ստուգենք մեքենայի սրահը»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իվան Պադալկան։
Ռուսաստանի խաղաղապահ ուժերը 27 դիտակետ ունեն Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում: Ռուս խաղաղապահներն իրադրության մշտադիտարկում են իրականացնում, հսկում են հրադադարի պահպանման ռեժիմը, ապահովում են ավտոմոբիլային տրանսպորտի և մարդկանց անվտանգ մուտքն ու ելքը Լաչինի միջանցքով:
Դիտակետերը հագեցած են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով, անխափան էլեկտրասնուցման աղբյուրներով և բացօթյա գմբեթավոր տեսախցիկներով: Զինծառայողները ծառայությունն իրականացնում են «Ռատնիկ» հանդերձանքով։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: