ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Ի պատասխան Ամուլսարի ծրագրի վերաբերյալ մամուլում տարածված ասեկոսեներին` «Լիդիան Արմենիան» հայտնում է, որ որևէ ընկերության հետ չունի պայմանավորվածություն վաճառելու Ամուլսարի ծրագիրը:
«Նաև իրականությանը չի համապատասխանում տարածված այն տեղեկությունը, ըստ որի` պետությունն Ամուլսարի ծրագրում պետք է ստանա բաժնեմաս»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ejc.am–ը (տնտեսական լրագրողների ակումբ) գրել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը պատրաստվում է ռուսական ընկերության վաճառել։
«Պետությունն այս գործարքից կստանա 20 տոկոս բաժնեմաս, որն, ամենայն հավանականությամբ, կկառավարի ՀՀ կառավարությանը պատկանող «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը»»,– գրել էր կայքը։
Հիշեցնենք` Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիսարևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա:
Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:
Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ Լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում:
Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են: