ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում, Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնում մասնակցել է ռուս-հայկական առողջապահական ամենամյա համաժողովին։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Քննարկվել են Covid-19 համավարակի, բժշկական կրթության և մանկական օնկոլոգիայի ոլորտներին վերաբերող հարցերը։
Անահիտ Ավանեսյանը և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հանդիպում են ունեցել առկա համագործակցության քայլերի ընթացքը քննարկելու և փոխգործակցության նոր ուղիներ նախանշելու նպատակով:
ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ռուսաստանաբնակ հայազգի անվանի բուժաշխատողների, առողջապահության ոլորտի գործիչների հետ
Ռուս-հայկական համաժողովի ընթացքում համագործակցության երկու հուշագիր է ստորագրվել` ՌԴ Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի և ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, ինչպես նաև Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի և ԱՆ Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի միջև։
«Առողջապահության ոլորտում փոխօգնության և համագործակցության երկու երկրների ձգտումը չի կարող չուրախացնել։ Առանձնակի պետք է նշել ռուս գործընկերների աջակցությունը Հայաստանի առողջապահությանը հետպատերազմական շրջանում, ինչպես նաև համաճարակային լարված իրավիճակում», - նշել է Անահիտ Ավանեսյանը։
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ևս ընդգծել է երկու երկրների արդյունավետ գործակցությունը և անդրադարձել համավարակի դեմ պայքարի ռուսական փորձին։
ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ռուսաստանաբնակ հայազգի անվանի բուժաշխատողների, առողջապահության ոլորտի գործիչների հետ
«Հաշվի առնելով այն վերափոխումները, որոնք սպասվում են այս ոլորտում` բժշկական օգնության համակարգի զարգացման առումով սպասում ենք ոչ թե քայլի, այլ իսկական թռիչքի», - նշել է Մուրաշկոն։
Մոսկվա կատարած այցի շրջանակում Ավանեսյանը հանդիպել է նաև ռուսաստանաբնակ հայազգի անվանի բուժաշխատողների, առողջապահության ոլորտի գործիչների հետ, քննարկել Ռուսաստանում բնակվող ու գործող մարդկային, մասնագիտական հսկայական ներուժը Հայաստանի առողջապահության համակարգի զարգացման գործում ներդնելու հնարավորությունները։