«Վստահ եմ, որ կարող ենք պայքարել այս հավաքականների դեմ». Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է ՈւԵՖԱ–ի Ազգերի լիգայի նոր մրցաշրջանի վիճակահանության արդյունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Ազգերի լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունից հետո Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին մեկնաբանություն է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։

«Կարծում եմ՝ ամենահեշտ խումբը չէ, բայց մեզ կարող էին ավելի բարդ մրցակիցներ բաժին հասնել: Իռլանդիային շատ լավ ենք ճանաչում և, կարելի է ասել, «շատ լավ» հիշողություններ ունենք: Շոտլանդիայի դեմ առաջին անգամ ենք խաղալու, և նույնպես հեշտ չի լինելու: Ինչ վերաբերում է Ուկրաինայի հավաքականին, 90-ականներին և 2000-ականներին մեր հավաքականը բազմիցս խաղացել է նրանց դեմ՝ անցկացնելով 8 հանդիպում, և չնայած վերջին շրջանում այս թիմի հետ չենք ընդգրկվել միևնույն խմբում` շատ լավ ենք ճանաչում ուկրաինացիներին»,–ասել է Մխիթարյանը:

Հայաստանի ազգային հավաքականի ավագը վստահ է, որ Հայաստանի հավաքականն ունակ է անակնկալներ մատուցել ուկրաինացիների, իռլանդացիների և շոտլանդացիների հետ խաղերի ընթացքում։
«Եթե կարողանանք պահպանել մեր տեղը B լիգայում, արդեն իսկ վատ արդյունք չի լինի»,–ասել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16–ին Նիոնում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի գալիք մրցաշրջանի վիճակահանությունը:
Հայաստանի հավաքականը հայտնվել է առաջին խմբում, որտեղ կմրցի Իռլանդիայի, Շոտլանդիայի և Ուկրաինայի հավաքականների հետ:
Հնարավոր է` Հենրիխ Մխիթարյանը կարիերան շարունակի Ա Սերիայի այլ ակումբում