ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է Քրիստինե Աղվանի Գրիգորյանի թեկնածությունը: Այսօր այդ հարցով հրավիրված ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց թեկնածուին:
Վլադիմիր Վարդանյան
© Sputnik / Asatur Yesayants
«Քրիստինե Գրիգորյանը ծնվել է 1981թ-ին: Ունի երկու բարձրագույն կրթություն երկու մասնագիտությամբ՝ իրավագիտություն և արևելագիտություն: Ունի ավելի քան 12 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ՝ հիմնականում պետական մարմիններում՝ ԱԺ աշխատակազմում, արդարադատության նախարարությունում, առաջին փոխվարչապետի աշխատակազմում: Բացի այդ, 2014-15թթ-ին թեկնածուն աշխատել է ԱՄՆ ՄԶԾ «Աջակցություն Հայաստանի ԱԺ-ի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում»,- ասաց Վարդանյանը:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյան
2021թ-ի ապրիլից Քրիստինե Գրիգորյանը զբաղեցնում է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, զբաղվել է միջազգային կառույցներում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների կատարմամբ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը չհամաձայնեց ՔՊ ներկայացուցչի այն մտքի հետ, որ Քրիստինե Գրիգորյանը հանրության կողմից ճանաչում ունեցող անհատ է, անգամ առաջարկեց դուրս գալ փողոց ու հարցնել. «Ո՞վ է Քրիստինե Գրիգորյանը»՝ համոզմունք հայտնելով, որ քաղաքացիների մեծ մասը նրան չի ճանաչի:
Բացի այդ, նա Վլադիմիր Վարդանյանին հարց ուղղեց. «Արման Թաթոյանի աշխատանքից դժգոհ է Ադրբեջանն ու ՔՊ-ն: Ինչո՞վ եք դա բացատրում»:
Վլադիմիր Վարդանյանը չհամաձայնեց Արեգնազ Գրիգորյանի հայտնած տեսակետների հետ՝ պնդելով, որ Արեգնազ Մանուկյանին էլ շատերը չեն ճանաչում: Ինչ վերաբերում է Թաթոյանին, Վարդանյանն արձանագրեց, որ նա ՀՀ միակ ՄԻՊ-ն է, որն օրենքով սահմանված ամբողջական ժամկետով է պաշտոնավարել:
Նշենք, որ Մարդու իրավունքների գործող պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022-ի փետրվարի 23-ին: