Որոտանի դպրոցներից մեկի համար մարդատար մեքենաներ են ձեռք բերվել

Որոտանի դպրոցին տրամադրված ավտոմեքենաները
Տրանսպորտային փոխադրամիջոցով կապահովվի դպրոցում աշխատող դրսեկ մանկավարժների տեղափոխումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Որոտան գյուղի միջնակարգ դպրոցի համար «FOTON» մակնիշի ավտոմեքենաներ են ձեռք բերվել։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունը։
«Մեքենաները ձեռք է բերել Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը։ Միկրոավտոբուսներն այսօր հանձնվել են կրթօջախի տնօրենին»,– նշում են մարզպետարանից։
Տրանսպորտային փոխադրամիջոցով կապահովվի դպրոցում աշխատող դրսեկ մանկավարժների տեղափոխումը։
ՀՀ համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանցիներ չպետք է լինեն. Թաթոյանը` Որոտանի մասին
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի` Գորիս–Կապան ճանապարհին նոյեմբերի 11-ից մաքսակետ տեղադրելուց հետո, այժմ շահագործվում է այլընտրանքային ճանապարհ, որն անցնում է Խոտ գյուղով և տանում դեպի Որոտան։ Այդ ճանապարհը, սակայն, ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո է։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դեկտեմբերի 3-ին հայտնել էր, որ դեպի Որոտան «Ուրալ» ամենագնացով տրանսպորտային 1 երթուղի է սահմանվել, որը երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին առավոտյան ժամը 7:30 դպրոցի ուսուցիչներին Գորիսից բերում է Որոտան, ապա ճանապարհը շարունակում դեպի Շուռնուխ ու Բարձրավան։ Իսկ հետո հետադարձով ժամը 10:00-11:00-ի սահմաններում բնակիչներին Որոտանից տանում է Գորիս: