Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն չունեմ. Մարությանը փակագծեր է բացել

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ,
Որպեսզի ձեզ չփորձեն մոլորեցնել, երեք կարեւոր բան ունեմ ասելու այս պահին.
1. Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ որևէ պայմաններում չեմ հանդիպել, անգամ պատահաբար:
2. Եթե գործից դուրս հանդիպումների ժամանակ ունենայի, կհանդիպեի երեխաներիս հետ։
3. Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ»,-նշված է գրառման մեջ:
Երբ «սպիտակներն» այլևս յուրային չեն, իսկ «սևերը» չեն ներել. «կարգին» քաղաքապետի ոդիսականը
Հիշեցնենք` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Նախնական տվյալներով` 39 ստորագրություն արդեն կա։ Գործընթաց սկսելու համար 33 ստորագրություն է անհրաժեշտ։
Դեկտեմբերի 13–ին «Հայկական ժամանակը» գրել էր` տեղեկություններ են շրջանառվում, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հերքել էր այդ լուրը։
Իսկ դեկտեմբերի 16-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է, որ խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Երևանի քաղաքապետի պաշտոնում դաշինքն առաջադրել է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: