ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը երաշխիքների իր նախաձեռնությամբ առաջարկում է ՆԱՏՕ–ին և ԱՄՆ–ին հարաբերություններ սկսել մաքուր էջից, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Այն կողմի մեր գործընկերներին անհրաժեշտ է հրաժարվել անցյալից, ամեն ինչին նայել նորովի և սկսել (եթե ցանկանում եք) մեր հարաբերությունները մաքուր էջից` որպես ապագա պայմանավորվածության ոչ թե հենակետ, այլ հարթակ և բազա ընդունելով այն, ինչը մենք գրել ենք թղթի վրա, փոխանցել և այսօր հրապարակվել է», – Ռուսաստանի անվտանգության երաշխիքների նախաձեռնություններին նվիրված ճեպազրույցի ժամանակ ասել է Ռյաբկովը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր դեպի արևելք ՆԱՏՕ–ի հետագա ցանկացած առաջխաղացումը և սահմանակից պետություններում, նախևառաջ Ուկրաինայում Ռուսաստանին սպառնացող սպառազինության տեղակայումը բացառող միջազգային և իրավական հստակ պայմանավորվածությունների մշակման նպատակով բանակցություններն անհապաղ սկսելու անհրաժեշտության մասին։
Մոսկվայում կարծում են, որ անհրաժեշտ է պաշտոնապես հրաժարվել 2008 թվականին ՆԱՏՕ–ի Բուխարեստի գագաթնաժողովի այն որոշումից, որի համաձայն Ուկրաինան և Վրաստանը կդառնան ՆԱՏՕ–ի անդամ։ Որոշումը հակասում է ԵԱՀԿ բոլոր անդամ պետությունների առաջնորդների այն պարտավորություններին, ըստ որոնց` չպետք է ամրապնդել սեփական անվտանգությունը մյուսների անվտանգության հաշվին։
Չորեքշաբթի Ռյաբկովի և ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդի հանդիպման ժամանակ Ռուսաստանը պաշտոնապես ԱՄՆ–ին փոխանցեց երկու փաստաթուղթ` պայմանագիր և համաձայնագիր, որոնք ներառում են անվտանգության երաշխիքների մասին Ռուսաստանի գաղափարները։ Կրեմլում հայտարարել են, որ ՌԴ–ն պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսել այդ փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ։
Ավելի վաղ Ռյաբկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել էր, որ եթե ՆԱՏՕ–ն և ԱՄՆ–ն չարձագանքեն անվտանգության երաշխիքների մասին ՌԴ պահանջներին, դա կարող է առճակատման նոր առիթ դառնալ։