Պաշտպանությունների թիվը 4 անգամ նվազել է. ՀՀ-ում գիտական սերնդափոխության խնդիր կա

Կարեն Քեռյան
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ բնական գիտությունների թևում գիտական պաշտպանությունների քանակով առավել ակտիվ են տեխնիկական ու ֆիզմաթ գիտությունների թեկնածուները, հասարակական գիտությունների թևում՝ տնտեսագիտության ու իրավաբանության:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Գիտական աշխատությունների պաշտպանություններն այս տարի նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ ավելացել են, բայց նախորդ տարիների համեմատ անկումը դեռ շարունակվում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը:
Խնդիրը, Քեռյանի խոսքով, քննարկվում է ԿԳՄՍ նախարարությունում: Չի բացառվում, որ առաջիկայում որոշում կընդունվի բուհերում ավելացնել ասպիրանտական տեղերը՝ գիտական պաշտպանությունների թիվն ավելացնելու ու նաև սերնդափոխությանը բավարարելու նպատակով:
Պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը զգալի կաճի. Փաշինյան
Ինչ վերաբերում է գիտական աշխատությունների որակին, գրագողություններին, պատվերով գրվող աշխատություններին, ԲՈԿ նախագահը նշեց, որ այս ոլորտում իրավական դաշտի փոփոխության անհրաժեշտություն կա:

«Այսինքն՝ անհրաժեշտ է աստիճանազրկման կարգ մշակել, որը հնարավորություն կտա նույնիսկ պաշտպանությունից հետո, տարիների ընթացքում, դիցուք՝ 15 տարի անց, գրագողություն հայտնաբերելու դեպքում աստիճանազրկել տվյալ անձին»,- ասաց նա՝ հավելելով, որ ՌԴ-ում այս կարգն արդեն մի քանի տարի գործում է և Հայաստանում ևս պետք է աշխատանքներ տանել այն հնարավորինս շուտ ընդունելու համար:

Այդուհանդերձ, ըստ պաշտոնական վիճակագրության, բնական գիտությունների թևում գիտական պաշտպանությունների քանակով առավել ակտիվ են տեխնիկական ու ֆիզմաթ գիտությունների թեկնածուները, հասարակական գիտությունների թևում՝ տնտեսագիտության ու իրավաբանության:
Քեռյանը կարևորեց նաև գրագողությունը բացահայտող ծրագրի արդիականացումն ու այն ավելի լայն շերտերի, օրինակ՝ գիտական հոդվածներ հրապարակող պարբերականների համար հասանելի դարձնելը:
Գողությունս գիտությանդ վնաս չէ. տարեկան բացահայտվում են տասնյակ գրագողություններ
Այս պարագայում գրագողությունը հնարավոր կլինի բացահայտել ոչ թե այն ժամանակ, երբ պաշտպանությունն արդեն կատարվել է, այլ մինչ այդ՝ կանխելով դրա հնարավորությունը:
ԲՈԿ նախագահը հայտարարեց, որ ՀՀ-ում բոլոր պաշտպանությունները բաց–հրապարակային են, դրանց կարող են ներկա լինել բոլոր ցանկացողներն ու անգամ հարցեր ուղղել աշխատության հեղինակին: