Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել կորոնավիրուսային նոր վարակի տարածումը դիտակետերում թույլ չտալու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի սանիտարահամաճարակային բաժանմունքը շարունակում է միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի նոր վարակի առաջացումն ու տարածումը կանխելու համար։ Այս փուլում մենք սկսել ենք ախտահանել դիտակետերը ժամանակակից ախտահանող սարքի կիրառմամբ», – ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Մաքսիմ Կուրլիչկինը։
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի բժշկական ծառայության մասնագետները պարբերաբար ախտահանում են իրենց ծառայության, հանգստի, սննդի ընդունման և ժամանցի վայրերն ու մարզադահլիճները։
Covid-19–ի դեմ պայքարի համար հատուկ մշակումն իրականացվում է սառը մշուշի գեներատորի միջոցով` հատուկ աերոզոլների, սպիրտ պարունակող ախտահանիչ միջոցների, ինչպես նաև քլոր պարունակող լուծույթների ցողման ճանապարհով։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: