Հիշեցին Հարությունյանին, Ալավերդյանին. ՄԻՊ թեկնածուի քննարկումն ընթանում է թեժ մթնոլորտում

Ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նկատեց, որ Քրիստինե Գրիգորյանի կենսագրության մեջ նրա զբաղեցրած պաշտոնների կողքին գծիկով ավելացված է «իրավաբան»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանն իր մասնագիտական գործունեության ընթացքում պաշտպանել է ՀՀ հասարակության կողմից ոչ միանշանակ ընդունված երկու միջազգային կոնվենցիաներ՝ Ստամբուլյան ու Լանզարոտեի:
ՌԱԴԻՈ
Բախշյան. «Մեր մասնագիտական խումբը կհետևի` ինչպես է իրականացվելու Լանզարոտեի կոնվենցիան»
Այս մասին այսօր ՀՀ ՄԻՊ թեկնածուի հարցով հրավիրված ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

«ՀՀ քաղաքացիները չեն էլ ճանաչում Քրիստինե Գրիգորյանին: Իսկ համացանցում Քրիստինե Գրիգորյանի մասին որոնման արդյունքում գտնված հրապարակումների մեծ մասը վերաբերում են Ստամբուլյան ու Լանզարոտեի կոնվենցիաներին, որոնց ընդունման դեմ ՀՀ-ում դիմադրություն կար, բողոքի ակցիաներ էին ընթանում»,- ասաց նա իր ելույթում:

Մանուկյանը նաև հայտարարեց, որ Գրիգորյանի կենսագրության մեջ գրված է` նա ԱԺ-ում աշխատել է «թարգմանիչ-իրավաբան»:
«Իր բոլոր զբաղեցրած պաշտոնների կողքին նա գծիկով ավելացրել է «իրավաբան», թերևս ցույց տալու մասնագիտական աշխատանքային ստաժը: Ի դեպ, մասնագիտությամբ նա արևելագետ է, միայն 2006-2008թթ-ին է Հյուսիսային համալսարանում ստացել իրավագիտության բակալավրի աստիճան»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ 2004-06թթ-ին Գրիգորյանն աշխատել է ԱԺ օրենսդրության զարգացման վարչության մասնագետ:
Այն, ինչ կատարվում է, լի է խորքային վտանգներով. ՄԻՊ–ը` Մարությանի հետ կապված գործի մասին
Արեգնազ Մանուկյանի ելույթին նախ արձագանքեց ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը՝ ՄԻՊ թեկնածուին ներկայացնելով որպես բարձր մասնագիտական ու մարդկային որակներ ունեցող գործչի, ապա անդրադարձավ նրա իրավաբանական կրթությանը:

«Տիկին Մանուկյանն այստեղ ծաղրանքով նշում էր, որ տիկին Գրիգորյանն իր կենսագրության մեջ տարբեր տեղեր գծիկով ավելացրել է «իրավաբան»: Գուցե Տիկին Մանուկյանը կարծում է, որ ՄԻՊ–ին ներկայացվող պահանջների մեջ իրավաբան լինելը պարտադիր է: Տեղեկացնեմ, որ ոչ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է գործող ՄԻՊ Արման Թաթոյանի նկատմամբ իշխանությոսւնների վերաբերմունքի մասին ընդդիմադիր պատգամավորների հնչեցրած հայտարարություններին, Արուսյակ Ջուլհակյանը նախ շեշտեց՝ Թաթոյանը միակն է, որ պաշտոնավարել է ամբողջ ժամկետով, ապա հիշեցրեց նրա նախորդների նկատմամբ այդ ժամանակների իշխանությունների վերաբերմունքի մի քանի հայտնի փաստեր:
«Հիշեցնեմ՝ Արմեն Հարությունյանի հասցեին Ռոբերտ Քոչարյանի կողմից հնչեցրած «իմ ամենաանհաջող կադրը»՝ Մարտի 1-ի իրադարձություններից հետո, հիշեցնեմ նաև Լարիսա Ալավերդյանի զեկույցից հետո նրա պաշտոնավարման կտրուկ դադարեցումը»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը:
Իշխանական մեկ այլ պատգամավոր` Վլադիմիր Վարդանյանն էլ նախ հայտարարեց, որ գործող պաշտպան Արման Թաթոյանին ինքը շատ հարգում է, գնահատում նրա արածն ի շահ ՀՀ-ի հատկապես միջազգային ատյաններում, ապա նաև ասաց, որ Թաթոյանն իր ընկերն է:
Ո՞վ է ճանաչում Քրիստինե Գրիգորյանին, որը պիտի փոխարինի Արման Թաթոյանին
Ինչ վերաբերում է նոր ՄԻՊ թեկնածուին, Վարդանյանի դիտարկմամբ` նա «համալսարանն ավարտելու առաջին իսկ օրերից աշխատել է, աշխատել է թարգմանիչ, իրավաբան, այնուհետև գուցե հասկացել է, որ իրեն անհրաժեշտ է իրավագիտական կրթություն: Ի դեպ, տիկին Գրիգորյանը որևիցե եղանակով, որևիցե վերելակով որևէ պաշտոնում չի հայտնվել»,- ասաց Վարդանյանը:
Նա նաև վստահություն հայտնեց, որ իրենց ներկայացրած թեկնածուն ՄԻՊ պաշտոնում կաշխատի ի նպաստ ՀՀ հասարակության ու ՀՀ-ի:
Թեժ քննարկման ու փոխադարձ մեղադրանքների, քննադատության արդյունքում հանձնաժողովը 1 դեմ ձայնով հաստատեց ՀՀ ՄԻՊ պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու ՔՊ-ի առաջարկը:
ՄԻՊ ընտրությունը տեղի կունենա արդեն հաջորդ տարի ԱԺ լիագումար նիստում:
Երեխաները կսովորեն անկաշկանդ օգնություն խնդրել․ պատգամավորը՝ Լանզարոտեի կոնվենցիայի մասին
Հիշեցնենք՝ Քրիստինե Գրիգորյանը ծնվել է 1981թ-ին: Ունի երկու բարձրագույն կրթություն երկու մասնագիտությամբ՝ իրավագիտություն և արևելագիտություն: Ունի ավելի քան 12 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ հիմնականում պետական մարմիններում՝ ԱԺ աշխատակազմում, ՀՀ արդարադատության նախարարությունում, առաջին փոխվարչապետի աշխատակազմում:
Բացի այդ, 2014-15թթ-ին թեկնածուն աշխատել է ԱՄՆ ՄԶԾ «Աջակցություն Հայաստանի ԱԺ-ի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում: Իսկ 2021թ-ի ապրիլից Քրիստինե Գրիգորյանը զբաղեցնում է ԱՆ տեղակալի պաշտոնը:
Նշենք, որ մարդու իրավունքների գործող պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022-ի փետրվարի 23-ին, ու, փաստորեն, իշխանությունը մտադիր չէ նրան վերընտրել այդ պաշտոնում: