ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik․ Պաշտոնական Երևանը ադրբեջանական AZAL-ի կողմից դեռևս վճարներ չի ստացել իր տարածքով ավիաընկերության թռիչքների համար, Sputnik Արմենիա-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն։
«Համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Օդային ուղեգծերի սպասարկման վճարների մասին բազմակողմ պայմանագրի» պայմանների, 2009 թվականի մարտի 1-ից սկսած ՀՀ օդային տարածքով իրականացվող բոլոր տարանցիկ չվերթների, այդ թվում նաև վերը հիշատակված ադրբեջանական AZAL ավիաընկերության տարանցիկ չվերթների աերոնավիգացիոն սպասարկման դիմաց գանձումների հաշվարկերը և հավաքագրումը կատարվում է «Եվրոկոնտրոլ» միջազգային ընկերության մայրուղային գանձումների կենտրոնական գրասենյակի կողմից»,-ասված է պատասխանում։
«Օդային երթևեկության սակագների համակարգի կիրառման պայմաններ և վճարման պայմաններ» փաստաթղթի թիվ 2 հավելվածի համաձայն՝ հաշվետու ամսում կատարած չվերթների աերոնավգիացիոն սպասարկման վճարների հավաքագրման գործընթացի տևողությունը միջին հաշվով կազմում է մոտ 2,5-3 ամիս։
Հիշեցնենք, որ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը հոկտեմբերի 6-ից սկսել է Հայաստանի օդային տարածքն օգտագործել Բաքվից Նախիջևան ուղևորափոխադրող չվերթներ իրականացնելու համար: