Հայաստանում լրտեսական ծրագրերով հեռախոսները վարակում են. Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետը հայտնում է, որ վարակումը գնացել է կեղծ հղումներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Առաջին անգամ Հայաստանը որպես պետություն անմիջականորեն հայտնվել է այն երկրների ցանկում, որոնք օգտագործում են լրտեսական ծրագրեր` ներքին դաշտում մարդկանց հեռախոսները վարակելու և լրտեսելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նրա խոսքով` սա հայտնաբերվել է «Մետայի -Ֆեյսբուքի» և «Սիթիզենլաբի» կողմից։ Թիրախում քաղաքական գործիչներ և մեդիայի հետ կապ ունեցող մարդիկ են։
«Օգտագործվել է մակեդոնական Cytrox ֆիրմայի արտադրության լրտեսական սոֆտը Անդրոյիդ համակարգի և այֆոնների համար»,–ասում է Մարտիրոսյանը։
ՀՀ քաղաքացիներին լրտեսում են բջջայինների միջոցով. Վանեցյանն Apple–ից նամակ է ստացել
Իսկ թե ում են վարակել, Մարտիրոսյանը տեղյակ չէ, սակայն վարակումը գնացել է կեղծ հղումներով, որոնք նմանակել են իրական կայքեր, օրինակ`youtu-be[.]net։Բացի այդ, վարակումը գնացել է SMS-ների և մեսենջերներից ուղարկված հաղորդագրությունների միջոցով։