ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ազատության մեջ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը հայտնեց, որ դատարանը բավարարել է իրենց` խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։
Այսպիսով, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշում է կայացրել։
Հիշեցնենք, որ Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 17–ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2–րդ մասի 1–ին և 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):
Հոկտեմբերի 14-ին որոշվել էր Մենուա Հովսեփյանին 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել, իսկ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, Հովսեփյանին կալանավորելու որոշում էր կայացրել։
Նոյեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Գորիսի փոխհամայնքապետը կալանավորվել է։