Գեղարքունիքից դուրս եկող ճանապարհներին տեղակայվելու են հսկիչ կետեր

Գեղարքունիքի մարզ. արխիվային լուսանկար
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված` ոստիկանության ծառայողները 24-ժամյա խիստ հսկողություն են սահմանելու Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված` 2021 թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թ. հունվարի 15-ը հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։ Նման հայտարարությւոն է տարածել շրջակա միջավայրի նախարարությւոնը` հավելելով, որ նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ ընդլայնված խորհրդակցություն է անցկացվել։

«Արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ: «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանության Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզային վարչության ենթակա բաժինների ծառայողները 24-ժամյա խիստ հսկողություն են սահմանելու Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա։ Իսկ Գեղարքունիքի մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ տեղակայվելու են հսկիչ կետեր: «Սևան» ազգային պարկի տարածքում սահմանվելու է շուրջօրյա հերթապահություն։
Միջոցառումների շրջանակում կազմակերպվելու են Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում։ Ստուգայցեր են իրականացվելու նաև Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի այլ տարածքներում։
ՌԱԴԻՈ
Սիգի որսն ու ձախողված պիլոտային ծրագիրը. նախարարությունն ինքն է խախտել ժամանակացույցը
«Վերահսկողության նման խիստ միջոցառումների կարևորագույն կետերից է Սևանա լճի ափամերձ համայնքների բնակիչների և ձկնորսների հետ բացատրական աշխատանքների կազմակերպումը։ Վերահսկողական միջոցառումները քաղաքացիների շրջանում դիմադրության չպետք է հանգեցնեն»,- նշել է Սիմիդյանը։
«Որսագողերի նկատմամբ պետք է խստագույն պատիժ կիրառվի». Էդուարդ Սարիբեկյան
Նշենք, որ խորհրդակցությանը ներկա են եղել «Սևան»ազգային պարկի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները։