Ծրագրավորում սովորել 5–6 տարեկանից. ռուսները Հայաստանում ուսումնական ռոբոտներ են ցուցադրել

R:ED ընկերության մանկական ինժեներական կոնստրուկտորներ
Պետերբուրգյան ընկերությունները Երևանում ներկայացրել են յուրահատուկ շոկոլադ՝ ծովաբողկով, ինչպես նաև ռոբոտատեխնիկայի նոր ուսումնական ծրագիրը, որը կարող են սպառազինության համար վերցնել ArMath ինժեներական լաբորատորիաները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանի դպրոցական ինժեներական լաբորատորիաները (հայտնի ArMath-ները) կարող են «երիտասարդանալ»։ Ներկայում երեխաներն այստեղ ինժեներիա և ծրագրավորում են սովորում 10 տարեկանից սկսած, սակայն Սանկտ Պետերբուրգից Robotics Education (R:ED) ընկերությունը տեխնիկական և ուսումնական ծրագիր է առաջարկում առաջին դասարանից սկսած։
«Մենք արդեն հանդիպել ենք առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, այդ թվում Armath լաբորատորիաների համակարգողների, «Իրական դպրոց» փորձարարական ուսումնարանի հիմնադիր Վահագն Պողոսյանի հետ, նրանց ներկայացրել Ռուսաստանում մեր փորձը։ Հանդիպումները հետաքրքրություն են առաջացրել»,-ասում է R:ED ընկերության գործադիր տնօրեն Մաքսիմ Սուշկովը։
R:ED ընկերության գործադիր տնօրեն Մաքսիմ Սուշկով
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանում նույնպես քիչ չեն տեխնիկական կրթության արտադասարանային կենտրոնները («Աճի կետերը», Ազգային տեխնիկական նախաձեռնություն, «Քվանտորիումներ» և «ՏՏ ակումբներ»), բայց այնտեղ էլ երեխաներին սկսում են սովորեցնել միջին դպրոցից սկսած։ Եվրոպայում գրեթե նույնատիպ մոտեցում է տարածված, մինչդեռ Արևելյան Ասիայում աշխատում են երեխաներին սովորեցնել 5-6 տարեկանից սկսած։ Այդ ճանապարհով են առաջարկում ընթանալ նաև պետերբուրգցի ծրագրավորողները։
«Սմարթ ձու և խելացի դուռ». գյուղական դպրոցների արմաթցիները զարմացրել են Վահան Քերոբյանին
Ռոբոտների ուսումնական հավաքածուները հիմնված են Arduino միկրոկոնտրոլերների վրա (ինչպես և Հայաստանում «Արմաթ»-ների մեծ մասում) և կարող են ներառել հավաքածուներ կոպտերային անօդաչուների, անվավոր ռոբոտների և զանազան տվիչների (գույնի, լույսի, տարածության և այլն) համար։ Ընդ որում՝ ընկերությունը փորձել է ստանալ մեծ թվով միացումներով (մինչև 16) հավաքածու, ինչը թույլ է տալիս բարդ մոդելներ հավաքել՝ մի քանի տվիչներով (մինչև 10 և ավելի) և երկու շարժիչով։
R:ED ընկերության մանկական ինժեներական կոնստրուկտորներ
Ստեղծողների մտահղացմամբ՝ առաջին դասարանի ավարտին արդեն կարելի է սովորել Scratch մանկական ծրագրավորման լեզվի հիմունքները (որի հիման վրա ուսումնական համակարգ է ստեղծվել նաև Հայաստանում)։ Հետևաբար, երեխաներն արդեն կարող են հասկանալ ալգորիթմական մտածողության հիմունքները։
Ինչ վերաբերում է մեխանիկային՝ այդ ընթացքում սկզբնական մակարդակով կարելի է հասկանալ մեխանիկական փոխանցումն ու դրա հիմնական դետալները (ատամնանվակ, արքիմեդի պտուտակ և այլն)։ Երկրորդ դասարանում երեխաները կսովորեն միացնել տվիչները և կսկսեն հասկանալ միացման հիմունքները (թե ինչպես է անցնում հոսանքը, ինչպես է փակվում էլեկտրական շղթան)։
Հայաստանը կարողանում է նվիրել. ինչպես են հնդիկները ArMath–ի օգնությամբ ինժեներիա սովորելու
Երրորդ դասարանում կարելի է սկսել ավելի բարդ տվիչներ ցույց տալ և աստիճանաբար Scratch-ից անցում կատարել Python ծրագրավորման լեզվին (այն ամբողջ աշխարհում է օգտագործվում, քանի որ հարմար է թե՛ մասնագիտական աշխատանքի, թե՛ ուսումնական ծրագրերի համար)։
4-5-րդ դասարաններում երեխաները կշարունակեն սովորել Python-ը և կսկսեն ինքնուրույն կազմել ռոբոտների մոդելները։ Վերջապես, 5-6-րդ դասարաններում նրանք կծանոթանան Arduino միկրոկոնտրելերներին, ինչպես նաև JavaScript-ի և C++-ի հիմունքներին։
R:ED ընկերության մանկական ինժեներական կոնստրուկտոր
«Ռուսաստանում մենք ուզում ենք այս ծրագիրը հանրակրթականում ներառել, օրինակ՝ տեխնոլոգիայի դասերին, ինչպես հիմա անվանում են աշխատանքի ուսուցման դասերը։ Ներկայում կրթության նախարարության հետ բանակցություններ ենք վարում ծրագրի փորձնական ներդրման մասին»,-ավելացրել է Սուշկովը։
Երևանում իր արտադրանքն է ներկայացրել նաև Սանկտ Պետերբուրգի հրուշակագործարաններից մեկը, որը պրեմիում շոկոլադ է արտադրում սեփական բաղադրատոմսերով (կակաոյի հատիկների մշակման սեփական տեխնոլոգիայով, որը նվազեցնում է դրանց բնական դառնությունը)։ Բացի այդ, ընկերությունն առաջարկում է ոչ ավանդական (անգամ ռուսական քիմքի համար) միջուկներ․ ծովաբողկով, ինչպես նաև ավանդական ռուսական աղցաններով (բազուկով և զեյթունով)։
Սանկտ Պետերբուրգի արտահանման աջակցության կենտրոնի գլխավոր տնօրեն Նադեժդա Լարիոնովա
«Թե՛ էքսպերիմենտալ, թե՛ ավանդական շոկոլադը, որից ընկերությունը, բնականաբար, նույնպես արտադրում է, արդեն հետաքրքրություն են առաջացրել նաև հայկական սուպերմարկետներում, ինչպես նաև հյուրանոցներում և սրճարաններում»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Սանկտ Պետերբուրգի արտահանման աջակցության կենտրոնի գլխավոր տնօրեն Նադեժդա Լարիոնովան։
Պետերբուրգցի գործարարների ճանաչողական այցը տեղի է ունեցել Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության աջակցությամբ: