Պաղեստինը հայերին մեղադրում է իր ժառանգությունը պաշտպանելու անկարողության համար

Sputnik
Ավարտվել է Պաղեստինի Բարձրագույն նախագահական կոմիտեի եկեղեցու հարցերով պատվիրակության այցը Հայաստան։ Կասկած չկա, որ այն կապված էր Երուսաղեմի պատմական մասում Հայ առաքելական եկեղեցու սեփականություն հանդիսացող հողամասի կարգավիճակի շուրջ սկանդալային պատմության հետ։ Արտյոմ Երկանյանը ներկայացնում է միջադեպի մանրամասները:
Պաղեստինցի պատվիրակները հույս ունեին Երևանի իշխանություններին համոզել ազդել բարձրաստիճան եկեղեցականների վրա, որպեսզի կանխեն Երուսաղեմի հայկական թաղամասի անցումը Իսրայելի վերահսկողությանը: Արդյո՞ք նրանց հաջողվել է դա անել, հայտնի չէ։
Մայր աթոռում քննարկել են Երուսաղեմի հայոց պատրիարքարանի կալվածքի վարձակալության հարցը
Հայաստանը չի ճանաչել Պաղեստինի անկախությունն ու դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել նրա հետ։ Սակայն Պաղեստինի՝ եկեղեցու հարցերով բարձրագույն նախագահական կոմիտեի նախագահ Մին Էլիաս Յուսեֆ Խուրին և նրա գլխավորած պատվիրակության անդամները Երևանում բարձր մակարդակի ընդունելության են արժանացել։
Հայաստանի մայրաքաղաքում նրանք բանակցություններ են վարել նախագահ Արմեն Սարգսյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հանդիպումների մասին մամլո հաղորդագրություններում նշվում էր, որ «քննարկվել են Սուրբ հողում հայկական հարուստ պատմական, մշակութային և կրոնական ժառանգությանը վերաբերող հարցեր»: Հենց այդ ժառանգության մի մասն է հանդիսանում այն հողամասը, որի վարձակալությունն այդքան բանավեճերի և ասեկոսեների առիթ է դարձել։
Դոկտոր Յուսեֆ Խուրիի Երևան կատարած այցին նախորդել են Ամենայն հայոց կաթողիկոսին և Հայաստանի արտգործնախարարին ուղղված նրա պաշտոնական դիմումները:
Երուսաղեմի հայոց պատրիարքարանի 17 անդամ պահանջում են չեղարկել կալվածքի վարձակալությունը
Նամակում պաղեստինցի պաշտոնյան Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհանին անուղղակիորեն մեղադրում է «իսրայելական օկուպացիայի ծրագրի իրագործմանը նպաստելու» համար: Դրանից առաջ էլ նախագահական բարձրագույն կոմիտեի ղեկավարը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ «հաշվի առնելով Իսրայելի վերահսկողությանը հանձնվող հողատարածքի աշխարհագրական և ռազմավարական կարևոր դրությունը, Պաղեստինյան ղեկավարությունն իր պարտքն է համարել բացատրություններ պահանջել Հայոց պատրիարքարանից՝ Երուսաղեմի իրավական և պատմական կարգավիճակի պահպանման նպատակով»:
Պաղեստինցի կառավարիչների համոզմամբ՝ հայկական բարձրաստիճան եկեղեցականները չեն նկատել, թե ինչպես են «կուլ տվել իսրայելական հատուկ ծառայությունների խայծը», որոնք, ըստ նրանց, ձգտում են «Երուսաղեմի հայկական թաղամասի պատմական և տեղագրական առանձնահատկությունների փոփոխության հասնել»:
Երուսաղմում հարձակվել են հայ հոգևորականի վրա. հայր Արբակը տեղափոխվել է հիվանդանոց
Բացատրեմ, թե ինչի մասին է խոսքը։ Աշնան սկզբին հայտնի է դարձել օրենքի տեսանկյունից կասկածելի գործարքի կնքման մասին, որը վերաբերում է Հայոց պատրիարքարանին պատկանող ավելի քան 7 հազար քառակուսի մետր հողատարածքը 99 տարի ժամկետով արտաքին ներդրողին վարձակալության հանձնելու մասին։
Պայմանագրի կողմ է դարձել Ավստրալիայում գրանցված Aurora Care ընկերության սեփականատեր Դենիել Ռուբինշտեյնը, որը երկքաղաքացիություն ունի՝ իսրայելական և ավստրալական քաղաքացիություն: Պարզվել է, որ ներդրողը պատրաստվում է հողամասում 7-աստղանի հյուրանոց կառուցել։ Այս հատվածը, որը հայտնի է որպես «Կովերի պարտեզ», հայկական թաղամասի հարավ-արևմուտքում է՝ պատմական Սիոն լեռան վրա, հայտնի Յաֆֆյան դարպասներից երեք րոպեի հեռավորության վրա։
Այն հայկական եկեղեցու սեփականությունն է համարվում 14-րդ դարից։ Ամայի այդ տարածքը ներկայումս օգտագործվում է որպես ավտոմեքենաների կայանատեղի։ Եթե հիմք ընդունենք Երուսաղեմի պարսպի սահմաններում մեկ քառակուսի մետր հողի շուկայական գինը, ստացվում է, որ «Կովերի պարտեզ» հողամասի իրական արժեքը կարող է հասնել 33 միլիոն դոլարի։
Մութ գործարք. Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հողերում Իսրայելը հաստատվելու փորձեր է անում
Զարմանալի չէ, որ գործարքը վրդովմունք է առաջացրել ոչ միայն Երուսաղեմի հայկական թաղամասի բնակիչների, այլև Երուսաղեմի Սուրբ Հակոբի հայկական հոգևոր եղբայրության անդամների մեծամասնության շրջանում։ Նրանց անհանգստությունը պայմանավորված է Հայոց պատրիարքարանի՝ «Կովերի պարտեզ» կալվածքի հողի նկատմամբ վերահսկողությունը պահելու ունակության հանդեպ հիմնավոր կասկածներով։
Պատմության մեջ քիչ չեն եղել դեպքերը, երբ հողերը երկար ժամանակով վարձակալության հանձնելը հանգեցրել է դրանց փաստացի կորստին։ Տեղին են թվում նաև բուն գործարքի օրինականության հետ կապված մեղադրանքները։
Բանն այն է, որ ըստ կանոնադրության՝ նման հարցերը կարող է լուծել միայն միաբանության Ընդհանուր ժողովը։ 25 տարուց ավելի ժամկետով կնքված ցանկացած համաձայնագիր պետք է հավանության արժանանա Կարգադրիչ ժողովի կողմից և վավերացվի Ընդհանուր Ժողովի կողմից: Բայց պատրիարքն այս հարցով ժողովներ չի անցկացրել։
Ինչու են թյուրքական երկրների առաջնորդներն իրենց թույլ տալիս քննարկել Սյունիքի ճակատագիրը
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ հոկտեմբերի 27-ին Սուրբ Հակոբ միաբանության 12 անդամներ հայտարարություն տարածեցին, որում կնքված գործարքը հայտարարում էին անօրինական և անվավեր։ Նուրհան պատրիարքի գործողությունների դատապարտմամբ հանդես եկան նաև Արգենտինայի, Շվեյցարիայի, Վատիկանի և ԱՄՆ-ի հայոց թեմերի առաջնորդները: Հայկական թաղամասի 144 բնակիչներ ստորագրել են Գարեգին Բ կաթողիկոսին և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին հասցեագրված նամակի տակ, որում կոչ են անում ազդել պատրիրաքի վրա՝ Դենիել Ռուբինշտեյնի հետ պայմանագիրը հնարավորինս շուտ խզելու համար:
«Օտարերկրյա ֆինանսական սպեկուլյանտները կլանում են Հին քաղաքում Հայաստանի թանկարժեք սեփականությունը, ինչպես անհագ մորեխների խումբն է խժռում բերքը։ Մենք՝ Հայոց եկեղեցու հոգևոր հոտը, զգում ենք, որ մեզ նետել են գայլերի դեմ հոշոտվելու»,-ասվում է նամակում։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չէր կարող անմասն մնալ։ Լարված իրավիճակի կապակցությամբ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդակցություններ է անցկացրել շահագրգիռ կողմերի հետ։ Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում նա այդ թեման քննարկել Է Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ:
Մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ Այման Սաֆադին հայ գործընկերոջը կոչ է արել «պաշտպանել Հին քաղաքում Հայոց եկեղեցու սեփականությունը և դադարեցնել ցանկացած գործողություն, որը կարող է ազդել նրա իրավական և պատմական կարգավիճակի վրա»:
Հայկական հարցն ու ադրբեջանական շահն Իսրայելում. կհաջողվի՞ բեկել Նեթանյահուի գիծը
Նոյեմբերի 24-ին «Կովերի պարտեզ» հողատարածքի կարգավիճակի թեման շոշափվել է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի հետ Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցում: Պաշտոնական հաղորդագրությունն ասում է, որ կողմերը քննարկել են «Սուրբ հողում հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգության հետ կապված հարցեր»։
Հայոց պատրիարքարանի և գործարար Ռուբինշտեյնի միջև գործարքին միջազգային արձագանքը միանգամայն բնական է։ Արևելյան Երուսաղեմում հողերի պատկանելությունը շատ զգայուն թեմա է թե՛ արաբների, թե՛ հրեաների համար։ Երկու կողմն էլ Երուսաղեմն իրենց մայրաքաղաքն են համարում։
Չի բացառվում, որ Բրիտանիայի խորհրդարանն արդեն հաջորդ շաբաթ ճանաչի Հայոց ցեղասպանությունը
Պաղեստինցի կառավարիչները շատ ցավագին են վերաբերվում Հայոց պատրիարքարանին պատկանող հողերում Իսրայելի ամուր հաստատվելու փորձերին և դրանում Երուսաղեմի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակը վերանայելու համար պայմաններ ստեղծելու փորձ են տեսնում։ Նուրհան պատրիարքի ընդդիմախոսները կարծում են, որ Իսրայելի կառավարության հետ կապված հրեական ներդրողին գրեթե մեկ հեկտար հող հանձնելով՝ Հայոց եկեղեցին հարվածի տակ է դրվում, քանի որ թույլ է տալիս իրեն ներքաշել արաբա-իսրայելական հակամարտության մեջ:
Փաստարկներ ունեն նաև գործարքի կողմնակիցները։ Նրանք պնդում են, որ պատրիարքարանի եկամուտի աղբյուրները տարեցտարի նվազում են, իսկ ծախսերը շարունակում են աճել։ Այս պայմաններում «Կովերի պարտեզը» երկարաժամկետ վարձակալության հանձնելը կարող է բազմաթիվ խնդիրներ լուծել։
«Վարձակալությունը տարեկան մի քանի հարյուր հազար դոլարի կայուն եկամուտ կապահովի Հայոց պատրիարքարանի կարիքների համար», - ասվում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Սինոդի նախագահի տարածած հայտարարության մեջ:
Սինոդը պնդում է, որ երկարաժամկետ վարձակալության պայմանագիրը «որևէ ռիսկ չի պարունակում և կասկածի տակ չի դնում այդ հողի նկատմամբ պատրիարքարանի ամբողջական և բացառիկ սեփականության իրավունքը»: Միևնույն ժամանակ, Նուրհան պատրիարքի կողմնակիցների կարծիքով, ամայի հողատարածքի կառուցապատումը «կպաշտպանի առանձին անձանց կողմից ոտնձգությունների փորձերից, ինչպես նաև հողի հնարավոր սեփականազրկումից և բռնագրավումից իշխանության քաղաքային կամ պետական մարմինների կողմից, որոնք հաճախ օտարում են չօգտագործվող հողը»:
Այս ամենում որոշակի տրամաբանություն կա։ Բայց մի՞թե հնարավոր չէր այդ հարցը լուծել այնպես, որ միջազգային սկանդալ չբորբոքվեր։ Պատրիարքարանը հանգիստ կարող էր հայտարարել, որ ցանկանալով չեզոքություն պահպանել, ստիպված է գործընկերության պայմանները սահմանափակող խիստ շրջանակներ սահմանել։
Գործարք, թե ճնշում Թուրքիայից. ինչո՞ւ է Հունաստանը Նիշանյանին անցանկալի անձ հայտարարել
Կարծում եմ, տեղին կլիներ ի սկզբանե հայտարարել այն մասին, որ հրեական կամ արաբական բիզնեսից ստացվող հայտերը քննարկման չեն ընդունվի։ Կարելի էր համագործակցել օտարերկրյա ներդրողների հետ, որոնց ներդրումները արաբա-իսրայելական հակամարտության կողմերից որևէ մեկի մոտ առարկություն չէին առաջացնի։ Եվ պարզվում է՝ նման հայտեր եղել են։
Հայտնի է, որ «Կովերի պարտեզ» հողամասի արդյունավետ և փոխշահավետ օգտագործում ենթադրող բիզնես-պլան ժամանակին պատրիարքարանին ներկայացրել է ռուսական «Ռուցոգ Ինվեստ» ներդրումային-շինարարական հոլդինգը, որը պատկանում է հայտնի մոսկվայաբնակ գործարար և մեկենաս Ռուբեն Գրիգորյանին։
Գրիգորյանը պնդում է, որ պատրաստ էր նախագծում ոչ պակաս գումար ներդնել, քան պատրիարքին խոստացել է Դենի Ռուբինշտեյնը։ Սակայն արքեպիսկոպոսը գերադասել է գործ ունենալ այն ներդրողի հետ, որի նախագիծն ավելի ձեռնտու էր Իսրայելի կառավարությանը։
ԵԱՏՄ երկրներում ռոումինգը կարող է չեղյալ հայտարարվել. բայց արդյոք դա լավ է Հայաստանի համար
Ռուբեն Գրիգորյանը կարծում է, որ պատրիարքի որոշումը կայացվել է ճնշման ներքո։ Մերժելով հայ ներդրողի առաջարկը և նախապատվությունը տալով հրեա ներդրողին՝ պատրիարքը, Գրիգորյանի համոզմամբ, հրեշավոր սխալ է գործել։
«Ինչպե՞ս կարելի է դա անվանել, եթե ոչ ազգի շահերի դավաճանություն։ Դա խայտառակ որոշում է, և Աստված Մեծ դատաստանով կպատժի այն ընդունողներին»,– հայտարարել է գործարարը։
Ավելի ու ավելի լայն միջազգային արձագանքը ստիպում է նորովի վերաբերվել Երուսաղեմի պատրիարքարանի և ներդրող Ռուբինշտեյնի միջև գործարքին: Այժմ արդեն ակնհայտ է, որ վիճելի հարցի լուծմանն անուղղակի մասնակցություն են ունենալու թե՛ Հայ Առաքելական Եկեղեցու Սուրբ Աթոռը, թե՛ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը։ Դա թույլ է տալիս հույս ունենալ, որ Սուրբ քաղաքում 1600-ամյա հայկական ներկայության հիմքերը սասանելու ունակ բոլոր սպառնալիքներն ի վերջո կվերացվեն։