ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունած որոշմամբ պետական բյուջեից 237 862 400 դրամ է հատկացրել «Նաիրիտ» գործարանի պահպանությունն իրականացնող անվտանգության 18 աշխատակիցների` 2021 թվականի հունիս-դեկտեմբեր ամիսների չվճարված աշխատավարձերը վճարելու նպատակով:
Բանն այն է, որ «Նաիրիտ« գործարանի չաշխատելու պայմաններում գործարանի հաշվեկշռում մնացել են հիշյալ 18 աշխատակիցները, որոնք զբաղված են բացառապես քիմիական վտանգավոր օբյեկտի անվտանգության ապահովմամբ։
«Նաիրիտ» գործարանի սնանկության կառավարիչը նրանց աշխատավարձերի վճարման համար պատասխանատվություն չի կրում։
Բացի այդ, կառավարության ցուցումով, գործարանն իրավունք չունի վաճառել արտադրական գույքը, իսկ նոր ներդրող առայժմ չի գտնվել։
Ս.թ. սեպտեմբերին, գործարանի վերագործարկման նախաձեռնող խումբը ՝ նրա նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի գլխավորությամբ, հանդիպել էր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ, ով պատրաստակամություն էր հայտնել գործարանը վերցնել իր վերահսկողության տակ և սկսել ներդրողների որոնումը։
Հիշեցնենք` 2006թ.-ին կառավարությունը «Նաիրիտի» 90 տոկոս բաժնեմասը վաճառեց «Rhinoville Property Limited» օֆշորային ընկերությանը, որը պարտավորվել էր մինչև 2012 թվականը 120 մլն դոլարի ներդրում կատարել: Ներդրումներ չկատարվեցին, իսկ գործարանը 2010 թ.-ից պարապուրդի մատնվեց էլեկտրաէներգիայի համար կուտակած 1 միլիարդ դրամ պարտքի պատճառով: 2007 թվականից գործարանը վարկային պարտավորություն ունի նաև ԱՊՀ միջպետական բանկի նկատմամբ։
Այս վարկը չվերադարձնելու պատճառով գործարանը սնանկ ճանաչվեց։ Ընկերությունն իր 90% բաժնետոմսերն անհատույց կերպով վերադարձրեց ՀՀ կառավարությանը:
Արդեն 6 տարի (2015թ.–ից) ՀՀ նախկին ու ներկա կառավարությունները «Նաիրիտի« համար գնորդներ ու ներդրողներ են փնտրում։ Այդ տարիների ընթացքում գործարանի հնարավորություններն ուսումնասիրել են ռուսական «Ռոսնեֆտն» ու իտալական «Pirelli»-ն, բայց անարդյունք։
Հիմա «Նաիրիտը» սնանկության գործընթացի մեջ է, սակայն հիմնական ակտիվները չեն վաճառում, որ հնարավոր լինի վերականգնել արտադրությունը։