Երևանում ռուս-հայկական բարեկամությանը նվիրված հուշարձան կտեղադրվի

Երևան. Արխիվային լուսանկար
Կայացել է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջխորհրդարանական հանձնաժողովի 33-րդ նիստը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Ռուսաստանի հրապարակում ռուս-հայկական բարեկամությանը նվիրված հուշարձանի կտեղադրվի։ Հուշարձանի տեղադրմանն աջակցելու որոշում է կայացվել ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 33-րդ նիստին։
Նշենք, որ Ռուսաստանի հրապարակը Երևանի քաղաքապետարանին հարող հրապարակն է, որը այդ անվանումը ստացել է 2008-ին։

ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 33-րդ նիստին քննարկվել են նաև միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը, երկկողմ հումանիտար կապերը, միջկուսակցական ակտիվ փոխգործակցությունը, առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, երիտասարդական ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել երկկողմ հումանիտար համագործակցության հեռանկարներին, Հայաստանում ռուսաց լեզվի և Ռուսաստանում հայոց լեզվի տարածմանն աջակցելուն առնչվող հարցեր, բարձրացվել է ռուսալեզու ուսումնական ձեռնարկների ու դասագրքերի համալրման հարցը, կրթական փոխանակման ծրագրերի իրականացումը, միջբուհական համագործակցությունը, թատերական փառատոնների անցկացումը: Միջխորհրդարանական հանձնաժողովին առընթեր կստեղծվի փորձագիտական խորհուրդ, որը կհամալրեն տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետները:
Ի՞նչն է կապում Երևանին և Մոսկվային. «Մոսկվայի տան» տնօրեն Վահրամ Կարապետյանի ասուլիսը
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նիստի ժամանակ նշել է, որ այժմ Հայաստանի համար դժվար ժամանակաշրջան է: Նա անդրադարձել է հետպատերազմյան իրավիճակին՝ նշելով, որ հումանիտար բազմաթիվ հարցեր դեռևս չեն լուծվել: ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Արցախի խնդիրների լուծման հարցում շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերներից է, և ԼՂ հակամարտության կարգավորումը Ռուսաստանի համար ունի կարևոր նշանակություն:
Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի վետերանները պարենային փաթեթներ կստանան. Կարապետյան
Նիստին մասնակցել են նաեւ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանն ու Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Նիստի ավարտին հաստատվել է միջխորհրդարանական հանձնաժողովի 2022թ. աշխատանքային պլանը: Հանձնաժողովի 34-րդ նիստը կանցկացվի Հայաստանում` հաջորդ տարի: