ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքում ու կից օրենքներում փոփոխությունների ու լրացումների փաթեթը։
Դրանով առաջարկվում է ընդլայնել ՄԻԵԴ ներկայացուցչի իրավասությունները, քանի որ այսօր էլ նա իրականում Հայաստանը ներկայացնում է ոչ միայն ՄԻԵԴ–ում, այլև միջազգային իրավական այլ ատյաններում։
ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ օրենքի նախագծում առաջարկվում է «միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ» ձևակերպումը։
Իր ելույթում Կիրակոսյանը հայտնեց, որ այս տարվա սեպտեմբերի 16-ին ՀՀ–ն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան, որտեղ ևս Հայաստանի շահերը ներկայացնելու է ՀՀ ներկայացուցիչն ու ներկայացուցչի գրասենյակը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց` արդյո՞ք Հայաստանն ունի բավական իրավական հիմքեր` 44-օրյա պատերազմին Թուրքիայի մասնակցության հարցով ևս միջազգային ատյան դիմելու համար։
«Թուրքիայի դեմ մենք ունենք ներկայացված գանգատ` ՄԻԵԴ–ում, ս.թ. մայիսի 9-ին, որը վերաբերում է 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի անմիջական ներգրավվածության, ինչպես նաև Թուրքիայի կողմից վարձկանների հավաքագրման, ֆինանսավորման ու տեղափոխման միջոցով անմիջական ներգրավվածության փաստերին։ Այսինքն` ներկայացվել են ապացույցներ»,– ասաց Կիրակոսյանը` հավելելով, որ գանգատն այս պահին գտնվում է դատարանում, քննվում է պալատներից որևէ մեկին փոխանցելու հարցը։
Այլ մանրամասներ ՄԻԵԴ ներկայացուցիչը չցանկացավ ժամանակից շուտ բացահայտել։