ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Վենետիկում կայացած հանդիպման ժամանակ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերը՝ այցելել Հայաստան. տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Անդրեասյանը հանդիպման ժամանակ ներկայացրել է դատական ակտերի հարկադիր կատարման, հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ մատնանշելով Վրաստանում գործող «Արդարադատության տներ»-ի փորձառությունը տեղայնացնելու Հայաստանի հետաքրքրությունը:
Վրացի պաշտոնյան էլ ընդունել է Հայաստան գալու հրավերը, որպեսզի տեղում նախանշվեն բարեփոխումների ուղղությունները և քննարկեն հայ-վրացական 4-րդ իրավական ֆորումը Վրաստանում կազմակերպելու մանրամասները։
Հիշեցնենք, որ Անդրեասյանը Իտալիայի Վենետիկ քաղաքում դեկտեմբերի 13-14-ին մասնակցել է «Հանցավորություն և քրեական արդարադատություն. վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում» խորագրով ԵԽ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդաժողովին: