ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Բարձր աստիճանի վերամշակման ենթարկված մթերքի օգտագործումը կարող է վնասակար ազդեցություն ունենալ առողջության վրա ու հանգեցնել վաղաժամ մահվան։ ՌԻԱ Նովոստիին է մեջբերում Eat This, Not That հարթակում հրապարակված կարծիքը:
Հոդվածի հեղինակ Կլարա Օլշանսկինը, հղում անելով European Heart Journal ամսագրին, պնդում է, որ նման սննդակարգը 40 տոկոսով բարձրացնում է սրտանոթային խնդիրներ ունեցող մարդկանց մոտ վաղ մահացության վտանգը:
Հանրային առողջապահության բնագավառի կանադացի փորձագետ Էնդի դե Սանտիսը պարզաբանել է, որ նման մթերքների թվում են համբուրգերները և հոթ-դոգերը, կարագը, սերուցքն ու յուղոտ կաթնամթերքը:
«Մարդիկ պետք է մտածեն սնվելու ավանդական տարբերակին վերադառնալու մասին։ Այն կտրուկ սահմանափակում է բարձր աստիճանի վերամշակման ենթարկված մթերքի քանակն ու նախապատվությունը տալիս է տնային սննդին ու չմշակված մթերքին», — նշել է հետազոտության հեղինակ Մարիա Բոնաչոն:
Նա ընդգծել է, որ վնասակար սննդից ամբողջությամբ հրաժարվելը գրեթե անհնար է. վիճակագրության համաձայն՝ այն կազմում է մարդու համար կալորիաների օրական նորմայի կեսը: Սակայն մասնագետը պնդել է, որ անհրաժեշտ է նվազեցնել դրա մասնաբաժինը սննդակարգում։