ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ եռակողմ հանդիպման ժամանակ վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո,–գրել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն։
Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել շփումները։
Հիշեցնենք` Փաշինյանն այսօր Բրյուսելում կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։
Միջոցառման շրջանակում նախատեսվում է, որ ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա եվրոպական գործընկերների հետ։