ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Տեղեկությունը հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ
© Photo : official site of the President of RA
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և դրանով պայմանավորված՝ սահմանային բնակչության խնդիրներին:
Արման Թաթոյանը նախագահին է ներկայացրել ՄԻՊ աշխատակազմի կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները։
Նա ընդգծել է սահմանային բնակավայրերի բնակիչների խնդիրներն ու Ադրբեջանի գործողությունների հետևանքով նրանց իրավունքների ոտնահարման դեպքերը։ Թաթոյանը ևս մեկ անգամ շեշտել է ապառազմականացված անվտանգության գոտու ստեղծման կարևորությունը:
Թաթոյանը տեղեկացրել է նաև, որ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերն իր աշխատակազմի կողմից պարբերաբար ներկայացվում են Հայաստանում գործող միջազգային կառույցներին և հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին։
ՀՀ նախագահն ու մարդու իրավունքների պաշտպանը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք այլ խնդիրների շուրջ: