Յուրի Խաչատուրովը և Նորատ Տեր-Գրիգորյանցը երաշխավորություն են հայտնել Աշոտ Մինասյանի համար

Աշոտ Մինասյան. Արխիվային լուսանկար
Գեներալները հավաստիացնում են, որ Աշոտ Մինասյանը երբևիցե անօրինական գործողությունների չի դիմել և չի դիմի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը երաշխավորություն են ներկայացրել արցախյան պատերազմների մասնակից, «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի («Աշոտ Երկաթ») համար. տեղեկանում ենք «Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհրդից։
«Մենք՝ ներքոստորագրյալ գեներալներս, անձնապես ճանաչում ենք Աշոտ Մինասյանին, քաջատեղյակ ենք նրա անցած հերոսական ուղուն և հավաստիացնում ենք, որ վերջինս երբևիցե անօրինական գործողությունների չի դիմել և չի դիմի: Վստահաբար երաշխավորում ենք, որ Աշոտ Մինասյանը չի թաքնվի, չի խոչընդոտի քննության ընթացքին և չի կատարի օրենքով արգելված որևէ արարք»,–ասված է Յուրի Խաչատուրովի և Նորատ Տեր-Գրիգորյանցի հայտարարության մեջ։
Երեկ էլ հայտնի դարձավ, որ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը, ՀՀ ԶՈւ պահեստազորի գեներալ-մայոր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գրիգորի Խաչատուրովը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն են Մինասյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ անձնական երաշխավորությամբ հանդես գալու պատրաստակամություն հայտնել։
Կողոպտել են «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի տունը և գողացել նրա շքանշանները
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը կալանավորվել է դեկտեմբերի 1-ին, որոշումը կայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը` բավարարելով քննիչի 2020 թվականի նոյեմբերի 15-ի միջնորդությունը։
Մինասյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, մասնավորապես ՀՀ վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով նրա սպանության նախապատրաստման, այդ նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու հանցավոր արարքները կատարելու համար։