ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Իսպանիան Հունաստանին հավաստիացրել է, որ հարձակողական սպառազինություն չի մատակարարելու Թուրքիային։ Տեղեկությունը հայտնել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն Աթենքում իսպանացի գործընկեր Խոսե Մանուել Ալբարեսի հետ հանդիպումից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Հունաստանի ԱԳՆ-ին։
Նշվում է, որ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը կայացել է դեկտեմբերի 14-ի երեկոյան: Ելույթ ունենալով բանակցություններից հետո` Հունաստանի արտգործնախարարը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիային։
«Այսօրվա Թուրքիան ապակայունացման գործոն է Միջերկրական ծովում, իսկ դա casus belli-ի դրսևորում է՝ Հունաստանի դեմ պատերազմի սպառնալիքի մասին հայտարարություն։ Սա աննախադեպ բան է։ Թուրքիան մոլորակի միակ երկիրն է, որն այլ երկրի դեմ պատերազմի սպառնալիք է հնչեցնում անգամ այն դեպքում, երբ այդ երկիրն իր օրինական իրավուն է իրացնում», – նշել է Դենդիասը։
Ավելի վաղ պաշտոնական Անկարան հայտարարել էր, որ պատերազմի առիթ կարող է դառնալ Աթենքի որոշումն իր տարածքային ջրերը վեցից տասներկու մղոն ընդլայնելու մասին, քանի որ դա, իբր, խախտում է Թուրքիայի ազգային ինքնիշխանությունը:
Այդ կապակցությամբ Հունաստանի արտգործնախարարը մտահոգություն է հայտնել Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունն ակտիվացնելու Իսպանիայի մտադրության կապակցությամբ:
«Ես ընդգծել եմ, որ 2008 թվականից սկսած՝ ռազմական տեխնոլոգիաների արտահանումը կարգավորող ընդհանուր կանոններ սահմանելու մասին ԵՄ խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 8-ի «Ընդհանուր դիրքորոշման» մեջ անդամ պետությունները պարտավորություն են ստանձնել չմատակարարել տեխնոլոգիաներ ու սարքավորումներ, ռազմական տեխնիկա, որը կարող է օգտագործվել հարձակողական գործողություններում կամ տարածաշրջանային ապակայունացման համար», – նշել է Դենդիասը:
Նախարարը հայտնել է, որ իր իսպանացի գործընկերոջից հավաստիացումներ է ստացել, որ Իսպանիան գործել է ու միշտ գործելու է եվրոպական որոշումների շրջանակում:
Դենդիասը խոստացել է ի պատասխան աջակցել Իսպանիային այն խնդիրների լուծման հարցում, որոնց երկիրը կարող է բախվել։ Նա ավելացրել է, որ Հունաստանն Իսպանիայի հետ համագործակցությունն ամրապնդելու հույս ունի:
Հիշեցնենք, որ Հունաստանը մտահոգված էր Թուրքիայի և Իսպանիայի միջև պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնմամբ, մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի արտադրության ու նավաշինության ոլորտում: Համագործակցության ծրագրերի մասին հայտարարվել է նոյեմբերի 17-ին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի համատեղ ասուլիսում:
Աթենքի հնչեցրած քննադատությունից հետո Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալվարեսը որոշել է շտապ այցելել Աթենք, որ պարզաբանի սպառազինությունների մատակարարման մասին Իսպանիայի ու Թուրքիայի համաձայնագրերի էությունը: Ի դեպ, բոլոր երեք երկրները ՆԱՏՕ-ի անդամ են։