ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. ԵԽ նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ընդգծել է տարածաշրջանում ենթակառուցվածների վերականգնման կարևորությունը՝ շեշտելով, որ դա պետք է կյանքի կոչվի բոլոր երկրների ինքնիշխանությունը լիովին հարգելով: Որոշվել է փոխադարձության սկզբունքով սահմանային և մաքսային հսկողություն իրականացնել երկաթուղային կապի վերականգնման հարցում: Այս մասին տեղեկանում ենք ԵԽ պաշտոնական կայքից։
Հայտնել էինք, որ դեկտեմբերի 14–ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ քննարկելու Հարավային Կովկասում իրավիճակը և երկու երկրների հետ ԵԽ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները:
«Միշելը երկու երկրների առաջնորդներին վստահեցրել է, որ ԵԽ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի հետ սերտ համագործակցությանը հակամարտության հաղթահարման, տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու և վստահության մթնոլորտի ստեղծման գործում, որն, ի վերջո, ամրապնդվել է համաձայնագրով»,–ասվում է ԵԽ հաղորդագրության մեջ :
Նշվում է, որ բոլոր երեք առաջնորդների ընդհանուր նպատակն է կառուցել անվտանգ, կայուն և բարգավաճ տարածաշրջան՝ ի շահ այնտեղ ապրողների։
Փաշինյանը և Ալիևը հաստատել են, որ 2020թ.նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների շրջանակներում ստանձնած առանցքային պարտավորությունները կկատարվեն, ինչպես նաև կյանքի կկոչվեն 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները:
ԵԽ նախագահը բարձր է գնահատել 2 առաջնորդների քայլերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած զինված բախումներից հետո լարվածության թուլացման հարցում։
Մասնավորապես, խոսքը հենց Շառլ Միշելի աջակցությամբ 2 երկրների պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի հաստատման մասին է։
Նա շեշտել է, որ այս մեխանիզմը կարող է նպաստել միջադեպերը կանխելուն և դրական ազդեցություն ունենալ լարվածության թուլացման առնչությամբ։
ԵԽ նախագահը շեշտել է, որ հումանիտար հարցերի լուծումը կարևոր նշանակություն ունի: Նա ողջունել է Ադրբեջանի կողմից 10 հայ բանտարկյալների ազատ արձակման քայլը, ինչպես նաև ՀՀ֊–ի՝ բոլոր քարտեզների հանձնումը: Նա կոչ է արել լուծել դեռևս չլուծված բոլոր հումանիտար հարցերը։
Խոսքը, մասնավորապես, մյուս ձերբակալվածների ազատ արձակման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու մասին է։ Երկու կողմերի հումանիտար ժեստերը, ըստ նրա, նպաստում են վստահության ամրապնդմանը և օգնում ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն խաղաղության հաստատմանը:
Միաժամանակ, նշվում է նաև, որ ԵԽ-ն կշարունակի աջակցել ականազերծման աշխատանքներին, ինչպես նաև փորձագիտական խորհրդատվություններ կտրամադրի և կաջակցի հակամարտությունից տուժած բնակչությանը։ ԵԽ-ն նաև կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման հարցում:
ԵԽ-ն պատրաստակամություն է հայտնել իր տնտեսական և ներդրումային ծրագրերով աջակցելու ստեղծվելիք կապի զարգացմանը: Առաջարկվող տնտեսական խորհրդատվական պլատֆորմը կարող է նաև այս գործընթացին աջակցել:
Առաջնորդները պայմանավորվել են հետևել հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությանը և շարունակել համագործակցել։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն այսօր Բրյուսելում կմասնակցի Արևելյան գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։
Միջոցառման շրջանակում նախատեսվում է, որ ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա եվրոպական գործընկերների հետ։