2008-2018թթ․-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի բացառիկ հոդվածը Sputnik Արմենիայի համար
2008թ․-ին, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, դրանք փակուղում էին գտնվում։ Պատճառներից մեկը թուրքական կողմի առաջ քաշած նախապայմաններն էին՝ հենց դրանք էին գրեթե անհնար դարձնում լուրջ բանակցությունների անցկացումը։ Որքան էլ տարօրինակ է, Հայաստանը նախապայմաններ չէր առաջադրում, թեև բոլոր հիմքերն ուներ դրա համար։ Մենք այդ քայլին չէինք գնում, բայց նաև չէինք կարող թույլ տալ, որ մյուս կողմը որևէ նախապայման ներկայացնի։ 2008թ.-ի սեպտեմբերին կողմերը պայմանավորվեցին գործընթացը սկսել առանց նախապայմանների։
Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ Թուրքիան գործ ուներ ոտքերի վրա ամուր կանգնած ինքնիշխան Հայաստանի հետ, և ոչ թե թուրքական կողմն էր իր պայմանները թելադրում մեզ, այլ բանակցությունների էր գնում Երևանի առաջարկած հիմքով։ Եվ հենց այդ հիմքով ընթացան ինտենսիվ բանակցություններ, ու չնայած ամբողջ գործընթացի ժամանակ Անկարան բազմաթիվ դժվարություններ ու խոչընդոտներ էր ստեղծում, այդուհանդերձ կողմերը հասան պայմանավորվածությունների։
2009թ.-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները երկու արձանագրություն ստորագրեցին Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման և կապերի զարգացման մասին: Ընդ որում` հայկական կողմի նախաձեռնությամբ և մեծ ջանքերի շնորհիվ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ի նշան լիակատար թափանցիկության, ստորագրումից վեց շաբաթ առաջ արձանագրությունների նախաստորագրված տեքստերը հրապարակվեցին, ինչն աննախադեպ էր միջազգային հարաբերություններում։ Եվ պարզ դարձավ, որ դրանցում չկա որևէ մի բան, որի մասին մերկապարանոց պնդումներ էին անում որոշ, հատկապես թուրքական լրատվամիջոցներ, և որոնք իբր պետք էր թաքցնել հասարակությունից։
Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրում են արձանագրությունները Եվրոպական Միության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Խավիեր Սոլանայի, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Միշլին Կալմի-Ռեյի, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշների, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարի ներկայությամբ (2009 թվականի հոկտեմբերի 10)
© AFP 2024 / PATRICK B. KRAEMER
Միջազգային հանրությունն իր աջակցությունը հայտնեց մեր նախաձեռնությանը` Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը։ Այդ աջակցությունը մենք զգում էինք նաև բանակցային գործընթացի ամբողջ ընթացքում, դրա վկայությունն էին միջնորդի դեր ստանձնած Շվեյցարիայի, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրոպական միության, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և շատ այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների բազմաթիվ հայտարարությունները:
Այդ մասին էր վկայում նաև այն, որ արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա էին Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները, ԱՄՆ պետքարտուղարը, Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչը, Եվրոպայի խորհրդի Արտգործնախարարների կոմիտեի նախագահը։ Սակայն իրադարձությունների հետագա զարգացումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Անկարայի հայտարարությունները Երևանի հետ պատմական հաշտեցման իբր պատրաստակամության մասին իրականության հետ որևէ աղերս չունեն։
Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն (2009թ. հոկտեմբերի 10):
© AFP 2024 / FABRICE COFFRINI
Նույնիսկ արձանագրությունների ստորագրման արարողության ժամանակ թուրքական պատվիրակությունը փորձ արեց «մեկնաբանական» հայտարարության տեսքով հնչեցնել այն նախապայմանները, որոնք առաջ էր քաշում դեռևս բանակցային գործընթացի մեկնարկից առաջ։ Հենց այդ պատճառով էր, որ ստորագրման արարողությունը հետաձգվեց ավելի քան երկու ժամով։ Սակայն այդ փորձը ևս ձախողվեց հայկական կողմի հաստատուն դիրքորոշման շնորհիվ, որին աջակցեցին մեր միջազգային գործընկերները։
Արդյունքում արձանագրությունները ստորագրվեցին առանց արտաքին գործերի նախարարների բանավոր հայտարարությունների, որոնք նախատեսել էին արարողության կազմակերպիչները։ Ավելին` Ցյուրիխում ներկա բարձրաստիճան միջազգային ներկայացուցիչները ինչպես ստորագրման օրը, այնպես էլ հետագայում հանդես եկան հայտարարություններով, որ արձանագրությունները պետք է վավերացվեն և իրագործվեն առանց նախապայմանների։
Սակայն միջազգային հանրությունն ու Թուրքիան տարբեր լեզուներով էին խոսում։ Թուրքական կողմը փաստացի հրաժարվեց իր իսկ ստորագրած արձանագրությունների վավերացումից և իրականացումից` այդպիսով ոտնահարելով միջազգային իրավունքի կարևորագույն սկզբունքներից մեկը՝ «pacta sunt servanda» (պայմանագրերը պետք է կատարվեն)։
Ցյուրիխից հետո Անկարան կրկին անցավ նախապայմանների լեզվին, ինչը ոչ միայն չէր համապատասխանում ստորագրված արձանագրությունների տառին ու ոգուն, այլև հակասում էր դրանց և կոպտորեն խախտում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Թուրքական կողմը արձանագրությունների վավերացման պայմանների թվում առաջ քաշեց ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ ադրբեջանական կողմի մաքսիմալիստական պահանջներին համապատասխան, և շարունակեց աջակցել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ Բաքվի սադրիչ հայտարարություններին ու գործողություններին։
Միջազգային հանրության արձագանքը չուշացավ, և այն միանշանակ էր` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող պայմանավորված լինել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ, և այդպիսի փորձը երկու գործընթացի համար էլ վնասակար կլինի։
Միջազգային հանրությունը նման մոտեցմամբ իր համերաշխությունն էր հայտնում հայկական կողմին, որն անհրաժեշտ ու կարևոր էր համարում այս երկու գործընթացների տարանջատումն ու հնարավորինս բացառելը Թուրքիայի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` նշելով, որ դա կարող է միայն բացասական հետևանքների բերել։ 2020թ․-ի արցախյան պատերազմն ու հաջորդող իրադարձությունները հաստատեցին, որ այդ մոտեցումը ճիշտ էր։
Տարիներ շարունակ Անկարայի բազմակի փորձերը` խցկվելու որպես միջնորդ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, ևս հաջողությամբ չպսակվեցին, քանի որ միջազգային հանրությունը չաջակցեց թուրքական այդ նախաձեռնությանը:
Հայաստանն էլ իր հերթին հստակ դիրքորոշում ուներ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում միանշանակ և բացահայտորեն Ադրբեջանին պաշտպանող երկիրը, ի տարբերություն համանախագահ երկրների, չի կարող միջնորդի դերում հանդես գալ։ «Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ավելի լավ կլինի, եթե նա ընդհանրապես չմիջամտի այդ գործընթացին և հնարավորինս հեռու մնա դրանից»։
Մյուս նախապայմանը, որին վերադարձավ թուրքական կողմը Ցյուրիխից հետո, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կասեցումն էր։ Եվ այս առումով Անկարայի հույսերը ոչ միայն չարդարացան, այլև լիովին ձախողվեցին։ Հայաստանը թե՛ բանակցային գործընթացից առաջ, թե՛ սկզբում, թե՛ ընթացքում բազմիս հրապարակավ ընդգծել էր, որ երբեք կասկածի տակ չի դնի ինչպես Հայոց ցեղասպանության փաստը, այնպես էլ դրա միջազգային ճանաչման կարևորությունը։
Այդ մասին ես՝ որպես Հայաստանի արտաքին գործերի նախարար, հայտարարել եմ նաև Ստամբուլում 2008թ.-ի նոյեմբերի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ, բազմաթիվ լրագրողների ներկայությամբ։ Այդ մասին մենք բազմիցս ասել ենք նաև հենց թուրքական կողմին մեր հանդիպումների ընթացքում։ Ակնհայտ էր, որ Անկարայի՝ հարաբերությունների կարգավորման գործընթացը որպես ցեղասպանության միջազգային ճանաչման հնարավոր խոչընդոտ օգտագործելու մտադրությունը հակառակ ազդեցություն է ունենալու։
Հայ-թուրքական բանակցությունների մեկնարկից հետո Թուրքիայում մի շարք ականավոր մտավորականներ հանդես եկան ցեղասպանության ճանաչման օգտին, հենց նրանք էլ նախաձեռնեցին հայ ժողովրդից «ներողություն խնդրելու արշավը»։ Հաշված շաբաթների ընթացքում 35 հազար մարդ ստորագրեց համապատասխան պահանջագրի տակ։ 2010թ.-ի ապրիլի 24-ին 95 տարվա մեջ առաջին անգամ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում և թուրքական այլ քաղաքներում նշվեց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:
Թե՛ Ցյուրիխից առաջ, թե՛ հետո Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ինչպես եղել, այնպես էլ մնում էր Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Երևանի նախաձեռնությամբ միջազգային տարբեր հարթակներում ընդունվեցին մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վերաբերյալ մի շարք բանաձևեր։
Մեր նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կոնսենսուսային բանաձևեր ընդունեց ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման վերաբերյալ, մեզ հետ միասին դրանց համահեղինակ դարձան տասնյակ երկրներ։ Հիմնվելով 2015 թ․-ի մարտին Հայաստանի առաջարկած և Մարդու իրավունքների խորհրդի կողմից միաձայն ընդունված բանաձևի վրա՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց ցեղասպանությունների զոհերի հիշատակի միջազգային օր։
60 երկրից բարձրաստիճան պատվիրակություններ ժամանեցին Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։ Թուրքիայի նախագահը հաշտեցման քայլ կատարելու ևս մեկ հնարավորություն բաց թողեց՝ հրաժարվելով այդ կապակցությամբ Երևան ժամանելուց, թեև Անկարայում ես նրան անձամբ էի հանձնել Հայաստանի նախագահի համապատասխան հրավերը:
Հայաստանում սկսեցին ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման և կանխարգելման միջազգային գլոբալ համաժողովներ անցկացվել։ Այդ տարիների ընթացքում ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված տասնյակ հազարավոր միջոցառումներ կազմակերպվեցին։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը խոչընդոտելու Անկարայի փորձերի ապարդյուն լինելու մասին էր վկայում Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թվի զգալի՝ գրեթե կրկնակի աճը, ինչպես նաև ցեղասպանությունը ճանաչած միջազգային կազմակերպությունների թվի ավելացումը։ Ընդ որում` այդ գործընթացի անշրջելիության հստակ միտում նախանշվեց։
Այսպիսով, Թուրքիային չհաջողվեց իր պայմանները թելադրել հայկական կողմին։ Եվ ոչ թե Երևանը, այլ հենց Անկարան ի վիճակի չեղավ վավերացնել ստորագրված արձանագրությունները և կատարել միջազգային հանրության բարձր ներկայացուցիչների ներկայությամբ ստանձնած պարտավորությունները։
Հայաստանն ամենասկզբից ի վեր՝ կարգավորման գործընթացի նախաձեռնման, բանակցությունների, արձանագրությունների ստորագրման ընթացքում և դրանից հետո, հաստատակամորեն հավատարիմ մնաց իր դիրքորոշմանը` հարաբերությունների կարգավորում՝ առանց նախապայմանների։ Եվ գրեթե ողջ միջազգային հանրությունը մեր կողքին կանգնեց, ու պատահական չէ, որ նրա կողմից հայտարարվեց այն, ինչը հետագայում թևավոր արտահայտություն դարձավ. «Գնդակը Թուրքիայի դաշտում է։ Հայաստանն արեց իրենից կախված ամեն ինչ, և հիմա Թուրքիան պետք է անցնի ճանապարհի իր մասը»։
Սակայն Անկարան չկարողացավ անել դա։ Եվ երբ ավելի քան ութ տարի թուրքական կողմը չվավերացրեց արձանագրությունները, 2018թ․-ի մարտին Երևանը ստիպված եղավ չեղարկել դրանք։ Դեռ այն ժամանակ ես զգուշացնում էի` մենք չպետք է թույլ տանք, որ չմտածված, անխոհեմ քայլերի պատճառով գնդակը հայտնվի խաղադաշտի մեր կողմում։
2020թ․-ի 44-օրյա պատերազմից հետո, որի ընթացքում թուրքական կողմն Ադրբեջանին անթաքույց ռազմական աջակցություն էր ցուցաբերում՝ փաստացի հանցակից դառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիային, Անկարան շարունակում է նախապայմաններ առաջ քաշել և Հայաստանից «դրական ազդակներ» է սպասում դրանց լիարժեք կատարման պատրաստակամության մասին՝ տարածաշրջանում թուրքական պատկերացմամբ «կայուն խաղաղություն» հաստատելու համար։
Եթե ղարաբաղյան հակամարտությունը թուրք-ադրբեջանական տանդեմի մեկնաբանությամբ արդեն «լուծված է», ապա այժմ նրանց ջանքերն ուղղված են դրա, ինչպես և ընդհանուր առմամբ 2020թ․-ի պատերազմում տարած հաղթանակի ինստիտուցիոնալ ամրապնդմանը։
Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների կողմից տարիներ շարունակ արված համատեղ հայտարարություններին, որ չի կարելի նոր պատերազմ թույլ տալ, որ այն չի լուծի Լեռնային Ղարաբաղի խնդիրը, այլ աղետալի հետևանքներ կունենա տարածաշրջանի ժողովուրդների համար և նոր բարդություններ կստեղծի, Անկարան ու Բաքուն ամենաթողության և անպատժելիության զգացումով փորձում են հիմնավորել և ապացուցել հակառակը։
Այն, ինչը նրանց հաջողվել է ստանալ ուժի կիրառմամբ, նրանք դիտարկում են որպես կատարված փաստ՝ «fait accompli», և կարծում են, որ հիմա Հայաստանը պետք է անցնի իրենց ներկա և հետագա պահանջների բավարարման ճանապարհի մնացած մասը՝ սպառնալով հակառակ դեպքում նորից ուժ կիրառել։
Անկարան միաժամանակ կարծում է, որ այսօր հնարավորություն է ստացել ջախջախելու հայկական գործոնը՝ որպես խոչընդոտ Հարավային Կովկասում իր դիրքերի հետագա խարսխավորմանը և առավել ամրապնդմանը` տարածաշրջանային խնդիրների լուծման գործում իր առաջատար դերի հաստատման համար։ Նույն նպատակով նա փորձում է վերակենդանացնել տարածաշրջանային համագործակցության և անվտանգության ինչ-որ ձևաչափ ստեղծելու իր հին մտահղացումը։
Ավելի լայն աշխարհաքաղաքական հավակնությունների նպատակ ունենալով` Անկարան տարածաշրջանային հաղորդակցությունների բացման համատեքստում շարունակում է գրեթե վերջնագրի լեզվով խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանը կմիացնի Նախիջևանի և ապա Թուրքիայի հետ։ Վերջերս Թուրքիայի նախագահի հրապարակված լուսանկարը` թուրքական հավակնությունների երևակայական վիրտուալ այսպես կոչված թուրքական աշխարհի քարտեզով, շատ խոսուն է։
Անկարան այսօր էլ շարունակում է անել ամեն հնարավոր բան, որպեսզի տորպեդահարի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցի շուրջ ամբողջ աշխարհում գործադրվող ջանքերը։ Հաշտեցմանն ուղղված քայլերի անվան տակ Անկարան շարունակում է պատրանքներ տածել, թե կարող է նույնիսկ Հայաստանին ներքաշել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հակազդելու գործին։
Կասկած չկա, որ այս ամենին կհետևեն նաև այլ պահանջներ։ Այսօր ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ամենաթողության զգացումն ու Անկարայի և Բաքվի անհագ ախորժակը կարող են հեռու գնացող խնդիրներ ստեղծել տարածաշրջանի և ոչ միայն տարածաշրջանի համար։