Դավթյանն ու Ռահիմին անդրադարձել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին

Շարմ Էլ Շեյխում անցկացվող համաժողովի 9-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազը կարևոր հանդիպումներ է ունենում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Եգիպտոսում հանդիպում է ունեցել Իրանի արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը` հավելելով, որ հանդիպումը կայացել է Շարմ Էլ Շեյխում անցկացվող Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանին մասնակցության շրջանակներում։

«Դավթյանը և Ռահիմին մտահոգություն են հայտնել տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, դրանով պայմանավորված՝ շարունակվող լարվածությունից տուժող տարածաշրջանի բնակչության կենսական իրավունքների պաշտպանության ի հայտ եկող մարտահրավերների, խոչընդոտների կապակցությամբ: Առաջնային է համարվել տևական կայունության և խաղաղության ապահովումը, կողմերը վերահաստատել են իրենց սկզբունքային մոտեցումը տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու հարցում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կողմերը շեշտել են ջանքերը համատեղելու, ահաբեկչության, ինչպես նաև անդրազգային բնույթի այլ հանցագործությունների դեմ պայքարում վճռականություն ցուցաբերելու, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով գործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
Երկուստեք բարձր է գնահատվել վերջին շրջանում Հայաստանի և Իրանի դատախազությունների միջև հարաբերությունների զարգացման և սերտացման դինամիկան։ Պլանավորվում են հեռանկարային նոր համատեղ միջոցառումներ՝ միտված հանձնման և քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման, թմրամիջոցների մաքսանենգության և շրջանառության, ապօրինի սահմանահատումների դեպքերով քրգործերի քննության արդյունավետության բարձրացմանը:
Հիշեցնենք, որ Շարմ Էլ Շեյխում ընթացող համաժողովի շրջանակում Դավթյանը հանդիպում էր ունեցել նաև Լիտվայի գլխավոր դատախազ Նիդա Գրունսկինեի հետ: