ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամներից ոչ բոլորն են կողմ, որ քաղաքապետ Հայկ Մարությանը դադարեցնի իր պաշտոնավարումը։
Հայտնել էինք, որ News.am-ի հետ զրույցում ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանն ասել էր, թե Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:
«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լիլիթ Պիպոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ գործընթացի մասին և ինքը չի ստորագրել որևէ բան։
Ավագանու մեկ այլ անդամ` Պավել Սարգսյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ այդ գործընթացին դեմ է, ինչի մասին գործընկերները տեղյակ են։
«54 հոգանոց խմբակցությունում չեն կարող բոլորը համակարծիք լինել»,–ասաց Սարգսյանը` հավելելով, որ այլ մանրամասների տեղյակ չէ։
Իսկ ահա, Պավել Մազմանյանն էլ հակիրճ ասաց` չի ստորագրել և չի ստորագրելու նման բան։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն էլ Facebook–ի իր էջում գրել է, որ չի մասնակցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որևէ գործընթացի:
«Ավելին՝ անվստահություն հայտնելու պատճառ չունեմ: Դրական եմ գնահատում քաղաքապետի աշխատանքը և կարծում եմ, որ նա արդյունավետորեն կյանքի է կոչում երևանցու առաջ ստանձնած իր պարտավորությունները: Առայժմ այսքանը»,–գրել է նա:
Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն էլ իր ֆեյսբուքյան էջում աջակցություն է հայտնել Հայկ Մարությանին։
Նիստ չի եղել, որ մի թերություն չասեմ, բայց ես անարդարություն չեմ հանդուրժի: Ամենածանր ճգնաժամերը դու ես լուծել, ամենաբարդ խնդիրներին լուծումներ գտել Ավագանին միայն պատին էր դնում հասածդ նվաճումները ու ծափեր կորզում: Իսկ երբ դու ճկռում էիր խնդիրների, ճգնաժամի ժամանակ, երբ երևանցուն պետք էր պատասխան տալ, թե ինչու է վատ ու երբ լավ կլինի, մի քանի հոգի էին օգնում խաչդ կրել: Չկոտրվես: Գիտեմ, որ դու գործի մարդ ես, խորապես անկուսակցական ու քեզ հիմա դժվար ա, քանի որ «ոհմակ» չունես քեզ սատարող»,–հորդորել է Աբգարյանը:
Նա նշել է, որ Մարությանի արածն անպայման գնահատող կգտնվի։
Նշենք, որ դեկտեմբերի 13–ին «Հայկական ժամանակը» գրել էր` տեղեկություններ են շրջանառվում, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հերքեց լուրերը, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Նրա խոսքով՝ տպագրված նյութի հասցեատերը «Հայաստան» դաշինքը չէ։ Պատգամավորը վստահեցնում է` Երևանի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ գնահատականներում դրականն էլ կա, բացասականն էլ։