ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Օրգանիզմում ֆոսֆորի պակասը կարող է առողջական խնդիրների հանգեցնել, չէ՞ որ այդ հանքանյութն անփոխարինելի է ատամների և ոսկորների համար, ՌԻԱ Նովոստիին է ասել սննդաբան Լեռա Լավսկին։
«Ֆոսֆորը կալցիումից հետո օրգանիզմում իր պարունակությամբ երկրորդ հանքանյութն է։ Ֆոսֆորի 85%–ը գտնվում է ոսկորներում և ատամներում, ինչպես նաև մարմնի յուրաքանչյուր բջիջում, քանի որ այն մասնակցում է էներգիայի արտադրմանը։ Այս հանքանյութի պակասը հաճախ կապում են ոսկորների փխրունության, հոդացավերի և մկանացավերի, ատամի կարիեսի, ականջներում զնգոցի, անհանգիստ վիճակի և ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրների, ինչպես նաև երեխաների մոտ աճի և զարգացման հապաղման հետ։ Ֆոսֆորի հիմնական աղբյուր են հանդիսանում ձուն, միսը, ձուկը, հացաբույսերը, լոբազգիները, բանջարեղենը, մրգերն ու հատապտուղները», – ասել է Լավսկին։
Սննդաբանը հավելել է, որ աշխարհում մեծ տարածում է գտել այսպես կոչված «արևմտյան դիետան», որը ներառում է վերոնշյալ մթերքները, այդ իսկ պատճառով ֆոսֆորի պակասի հետ կապված խնդիրները գնալով ավելի հազվադեպ են հանդիպում։