ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում նախագահները հանգամանորեն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։
Պուտինը տեղեկացրել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին: Նա պատմել է, թե ինչպես է տարածաշրջանում իրականացվում հրադադարի ռեժիմի պահպանման, փախստականների վերադարձի, առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումների իրականացումը:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի` դեկտեմբերի 15-ին Եվրամիության կառույցների ղեկավարների հետ կայանալիք հանդիպումը նույնպես օգտակար կլինի, նրանք խոսել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) աշխատանքի ակտիվացման նպատակահարմարության մասին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել են Բրյուսել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարության ղեկավարն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այնուհետև նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Փաշինյանը դեկտեմբերի 15-ին Բրյուսելում մասնակցելու է Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։
Միջոցառման շրջանակում նախատեսվում է, որ ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա եվրոպական գործընկերների հետ։
Հիշեցնենք, որ բրյուսելյան բանակցություններին նախորդել էր նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը:
Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևել էին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդել էր Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։