ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Այսօր նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանն են անդրադարձել Բրյուսելում գտնվող Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից` հավելելով, որ Փաշինյանը և Միշելն առանձնազրույց են ունեցել։
«Զրուցակիցներն անդրադարձել են այսօր եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակությունն ու ամրապնդումը: Կողմերն արդյունավետ բանակցությունների հույս են հայտնել, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փաշինյանն ու Միշելն անդրադարձել են նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության վեցերորդ գագաթնաժողովի օրակարգին ու քննարկվող հարցերին: Կողմերը կարևորել են Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացումն ու ծրագրերի արդյունավետ իրականացումը` ի նպաստ մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների կյանքի կոչման ու ժողովրդավարության ամրապնդման:
ՀՀ վարչապետը և Շառլ Միշելն անդրադարձ են կատարել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին:
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին` 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված խնդիրների լուծման ուղղությամբ ներդրվող հետևողական ջանքերի համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միշել-Փաշինյան առանձնազրույցից հետո նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Փաշինյանը դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։
Միջոցառման շրջանակում նախատեսվում է, որ ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա եվրոպական գործընկերների հետ։