ՆԱՏՕ-ն որևէ մեկի կողմից չէ. Ստոլտենբերգը` ՀՀ–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին

Ստոլտենբերգը հայտարարել է, որ երկու երկրներն էլ դաշինքի կարևոր գործընկերներն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին և նշել, որ դաշինքը որևէ մեկի կողմը չի զբաղեցնում այս հակամարտության կարգավորման գործում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Կարևոր է շարունակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։ ՆԱՏՕ-ն աջակցում է նրանց երկխոսության ջանքերին, մենք դա այսօր մանրամասն քննարկել ենք նախագահի հետ։ Երկխոսությունը շարունակվում է, ընթանում է ճիշտ ուղղությամբ», - ասել է նա՝ ամփոփելով Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքները։
Ստոլտենբերգը հավելել է, որ երկու երկրներն էլ դաշինքի արժեքավոր գործընկերներն են:
Պուտինն ու Մակրոնը քննարկել են ղարաբաղյան թեման և Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել են Բրյուսել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարության ղեկավարն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այնուհետև նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Փաշինյանը դեկտեմբերի 15-ին Բրյուսելում մասնակցելու է Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։
Միջոցառման շրջանակում նախատեսվում է, որ ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա եվրոպական գործընկերների հետ։
Հիշեցնենք, որ բրյուսելյան բանակցություններին նախորդել էր նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը:
Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևել էին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդել էր Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։