ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Կանոնակարգը չի նախատեսում, որ ընդդիմությունն ամեն անգամ պետք է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ առաջադրի։ Եթե մեկ անգամ առաջադրել են թեկնածու, ապա այն պահպանվում է։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն, անդրադառնալով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։
Քոչարյանն այսօր ասել էր` ընդդիմությունը կարող է կորցնել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, եթե շարունակի թեկնածու չառաջադրել։ Քոչարյանի խոսքով` այսօրվա նիստի ժամանակ ընդդիմությունը թեկնածու չէր առաջադրել։
«Դեռևս նոյեմբերի 30-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարությամբ հանդես եկան` ասելով, որ առաջադրել են Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Ո՛չ օրենքով, ո՛չ Սահմանադրությամբ պարտադրանք չկա, որ խմբակցությունն անընդհատ պետք է վերաառաջադրի։ Այդ հայտարարության մեջ նշվել է` քանի որ վերաառաջադրման պահանջ չկա, մեր առաջարկած թեկնածուն պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական մեծամասնությունն իր դիրքորոշումը չի փոխել»,–ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` այդ հայտարարությունը գրավոր ուղարկել են նաև Քոչարյանին, որպեսզի չասի` տեղյակ չի։ Մինասյանը նշեց, որ Քոչարյանի հայտարարությունը, թե իբր ընդդիմությունը չի առաջադրել թեկնածու, ոչ միայն չի համապատասխանում օրենքին, այլ նաև ողջամիտ տրամաբանությանը։ Ըստ պատգամավորի` եթե իշխող մեծամասնության ցանկությունն է ամեն գնով նվաճել այդ պաշտոնը, ապա իրավական դաշտում համարժեք գնահատական կստանան։ Մինասյանը հավելեց, որ այս պահին փակագծերը շատ բացել չի ուզում։
Հիշեցնենք` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունը 14 անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, իսկ ԱԺ մեծամասնությունը 14 անգամ մերժել էր նրան։
Դեկտեմբերի 7-ի նիստում «Հայաստանն» այլևս որևէ թեկնածու չառաջադրեց` այդ կերպ արտահայտելով իր վերաբերմունքն իրենց թեկնածուին 14 անգամ մերժած իշխանական ուժի նկատմամբ։