ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու որոշումը բողոքարկվել է։ Նման հայտարարություն է տարածել Տոնոյանի փաստաբանական խումբը` հավելելով, որ Տոնոյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու դատարանի որոշումն ամբողջությամբ անհիմն է, չփաստարկված և չպատճառաբանված։
Նշվում է, որ Վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Տիգրան Սիմոնյանին, և դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին:
Փաստաբանները հիշեցնում են, որ վարույթն իրականացնող մարմինն անկատար է թողել նշանակված դատանյութագիտական, պայթյունատեխնիական-ապրանքագիտական համալիր փորձաքննությունը և դրա փոխարեն նշանակել է դատատեխնիկական փորձաքննություն: Դրա հետ մեկտեղ, ըստ փաստաբանների, մինչ օրս Տոնոյանի մեղադրանքի վերաբերյալ քրգործով որևէ ապացույց ձեռք չի բերվել, հակառակը` սպառազինության պահպանման և շահագործման ցուցանիշների վերաբերյալ համապատասխան փորձաքննություն իրականացնելու միջնորդությունը մերժվել է:
«Ուշադրության է արժանի այն փաստը, որ փորձագետի եզրակացության մեջ և ամբողջ քրգործում շրջանառվում են սպառազինության շահագործման և պահպանության ժամկետների վերաբերյալ ՀՀ-ում չգործող, օրենսդրությամբ չվավերացված և չնախատեսված իրավական ակտեր և փաստաթղթեր։ Դրանք Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ որևէ կերպ չեն կարող դրվել որևէ մեկի, այդ թվում՝ Տոնոյանի մեղադրանքի կամ քրեական պատասխանատվության հիմքում»,–ասված է հայտարարության մեջ։
Դրանք, ըստ պաշտպանների, ԽՍՀՄ և ՌԴ ներքին, ներպետական օգտագործման փաստաթղթեր են, որոնք երբեք չեն վավերացվել ՀՀ-ում և լավագույն դեպքում կարող են ունենալ զուտ խորհրդատվական նշանակություն:
Տոնոյանի պաշտպանները հայտարարում են, որ սպառազինության գնման գործարքից շատ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունում արձակվել է նախարարի համապատասխան հրաման, որով կարգավորվել են զինամթերքի պահպանության կամ շահագործման ժամկետների հետ կապված հարցերը։ Սա էլ դրվել է 2018 թվականին կատարված գնման հիմքում: Սա, ըստ փաստաբանների, գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ գործ ունեն ոչ օբյեկտիվ քննության հետ։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին՝ ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակներում։
Նախաքննությունը Տոնոյանին և գործարար, զենքի առևտրական Դավիթ Գալստյանին մեղադրում է 4,6 մլն դոլար յուրացնելու մեջ։ Նրանք իրենց մեղքը չեն ընդունում։ Տոնոյանի կալանքի ժամկետը նոյեմբերին ևս երկու ամսով երկարաձգեցին։