ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը չի կարծում, թե Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո կարող է որևէ բան փոխվել։ Ինչպես հաղորդում է Aysor.am–ը, այս մասին նա ասել է ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցում։
«Երկխոսություն ունենալը միշտ էլ լավ է, բայց մենք տեսել ենք, որ դրանից հետո չեն պահպանվել ձեռք բերված պայմանավորվածությունները, ու շատ հաճախ ականատես ենք եղել իրավիճակի լարման», - ասել է նա։
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, որտեղ նախատեսվում է նրա, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Անդրադառնալով Հայաստանի ու Թուրքիայի միջև հատուկ ներկայացուցիչ նշանակելուն՝ նախկին նախարարը ընդգծեց, որ շատ կարևոր է, որ մեր ԱԳՆ-ում լավ հասկանան, թե ինչ օրակարգով են տանելու բանակցությունները։
«Բնականաբար, բոլոր ժամանակներում եղել է ձգտում առանց նախապայմանների երկխոսություն ծավալել, որը որոշ ընթացք ունեցել է, բայց բավական երկար ժամանակ որևէ երկխոսություն չկար Թուրքիայի հետ», - ասաց նա։
Արա Այվազյանը նշեց՝ քաջ հայտնի են Անկարայի և Բաքվի նպատակները:
«Ես մտավախություն ունեմ, որ «3+2» ֆորմատը կարող է փորձել չեզոքացնել ու ստվերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը», - նշեց նախկին նախարարը։
Այվազյանի խոսքով՝ Անկարայից ոչ թե դրական քայլեր ենք տեսնում, այլ շարունակական պահանջներ. «Ես բավական տարակուսած եմ, թե ինչ նպատակ է հետապնդում «3+2» ֆորմատը»։
Հիշեցնենք` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3+3» բանակցային ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով:
Լավրովն ասել էր, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին և Ադրբեջանին, այլ նաև Վրաստանին: Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան` որպես այս երեք հանրապետությունների ամենամոտ հարևաններ, նրա դիտարկմամբ, նույնպես կշահեն դրանից։