Ալավերդիի ավտոգազալցակայանում այրվել է անասնակերով բեռնված ավտոմեքենան

Անասնակերով բեռնված ավտոմեքենան, գազալցակայանի 1 հաշվիչ սարք և տանիքի ծածկից մոտ 8 քմ հատված այրվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Ալավերդի քաղաքում, ավտոգազալցակայանում այրվել է անասնակերով բեռնված ավտոմեքենան։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվելէ դեկտեմբերի 14-ին, ժամը 00:41-ին։ հայտնել են, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասում այրվում է կայանած ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևանյան խճուղում գտնվող ավտոգազալցակայանում այրվում է կայանած «ZIL-130» մակնիշի ավտոմեքենա՝ բեռնված անասնակերով (մոտ 200 հակ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։15-ին, մարվել՝ 03։20-ին։ Այրվել են ավտոմեքենան՝ անասնակերով բեռնված, գազալցակայանի 1 հաշվիչ սարք և տանիքի ծածկից մոտ 8 քմ հատված։