ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Գերիների վերաբերյալ հայտարարություններն ու գործողությունները կարող են պատճառ դառնալ, որ նրանք այլևս չցանկանան Բաքվից վերադառնալ Հայաստան։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը` անդրադառնալով գերիների կալանավորման փաստին։
Հայտնել էինք` դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ կալանավորվել են նոյեմբերի 16-ին գերեվարված և ՀՀ վերադարձված 4 զինծառայողներ։
«Գերիներին համատարած հերոսացնողը եղել է իշխանությունը` առանց նայելու, թե ինչ պարագայում են գերի ընկել այն ժամանակ։ Հիմա կրկին իշխանությունն է ամբողջական կերպով տանում գերիների ոչ հերոսացման պրոցեսը։ Սրանով իշխանությունն ակնհայտորեն ադրբեջանական շահն է առաջ տանում»,–ասաց Ստամբուլյանը։
Նրա խոսքով` իշխանությունը չի մտածում, թե ինչ տեղի կունենա հետո, երբ Ադրբեջանը տեսնի, որ հայրենիք վերադարձողներին այստեղ կալանավորում են։ Ստամբուլյանը նշեց` մեր տղաները կարող են հրաժարվել Հայաստան վերադառնալ ու խնդրեն, որ հայտնվեն որևէ երրորդ երկրում։
Պատգամավորը հավելեց` սա լրջագույն միջազգային խնդիրների առաջ կարող է կանգնեցնել ՀՀ–ին։