Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները հումանիտար-բժշկական ստուգարշավ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Պատարա հեռավոր լեռնային գյուղ՝ կարիքավոր տեղացիներին, այդ թվում՝ երեխաներին, փախստականներին և հարկադիր տեղահանվածներին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ռազմական բժիշկները ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն են ցուցաբերել տեղի բնակչությանը»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Եվգենի Իվանովը։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի բժիշկները որակյալ բուժօգնություն են ցուցաբերել Պատարա գյուղի ավելի քան 60 բնակչի: Բժշկական ջոկատի մասնագետները կատարել են վիրաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի, ակնաբույժի և նյարդաբանի ընդունելություն և բժշկական խորհրդատվություն:
«Մեր գյուղ՝ Պատարա բժիշկ-խաղաղապահներ են եկել։ Մենք շատ գոհ ենք, թե ինչպես նրանքպրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացրին բնակչության շրջանում։ Մենք նրանց առողջություն ենք մաղթում, երջանկություն, հետագա հաջողություններ աշխատանքում»,-ասել է բուժկետի վարիչ Էլմիրա Ղահրամանյանը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հանրային ընդունարանը պարբերաբար աշխատանքներ է տանում հարկադիր վերաբնակեցվածների և բազմազավակ ընտանիքների շարքերում կարիքավոր քաղաքացիների հայտնաբերման ուղղությամբ, որոնք հայտնվել են կենսական բարդ իրավիճակում և հասցեական օգնության տրամադրման կարիք ունեն։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: