ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik․ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը հերքել է մամուլի այն հրապարակումը, թե խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, Թագուհի Թովմասյանը և արդեն խմբակցությունը լքած Իշխան Զաքարյանը հրաժարվել են ստորագրել Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջող նախագծի տակ։
ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նա նշեց, որ ՀՀ ներկայիս իշխանության հեռացումը օրակարգային հարց է իրենց խմբակցության համար։
«Այդ լուրը ես ամբողջությամբ հերքում եմ։ Ստորագրելու ոչինչ չկար ուղղակի։ Դա նախաձեռնում է որևէ խմբակցություն, և մեկ այլ խմբակցություն կարող է միանալ կամ չմիանալ։ Մեր խմբակցությունն առավել քան միասնական է և մենք իշխանության ցանկացած ներկայացուցչի հեռացումը համարում ենք ամենահրատապ խնդիրներից մեկը։ Եթե առաջիկայում էլ լինի նման նախաձեռնություն, բնականաբար, մենք կմիանանք», - ասաց պատգամավորը։
Թովմասյանը շեշտեց, որ եթե նման հարց մտնի օրակարգ, ապա խմբակցությունը կողմ է քվեարկելու Ալեն Սիմոնյանի հրաժարականի օգտին։
Հիշեցնենք, որ ընդդիմությունը պահանջում է Ալեն Սիմոնյանին ազատել ԱԺ նախագահի պաշտոնից այն բանից հետո, երբ դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, Այդտեղ ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։